‘Արթուր Աղաբեկյանը ինչե՜ր կաներ, որ Բերձորի բռնությունների տեսանյութը չտարածվեր’

1702

Բերձորի միջադեպի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից ժամեր անց Ղարաբաղի միակ տեղական հեռուստաընկերությունը զրույցի էր հրավիրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին։

Հիշեցնենք, որ Արցախի հանրային հեռուստաընկերությունը, ներկա գտնվելով Բերձորի միջադեպին, նույն օրը եթեր է հեռարձակել մի տեսանյութ, որն ավարտվել է այնտեղ, որտեղ սկսվել է բուն իրադարձությունը։

Ծեծկռտուքի մասին բառ չասելով ու որևէ կադր չցուցադրելով՝ ռեպորտաժի հեղինակը հայտարարել էր՝ տեղի ունեցածը տհաճ էր, նաև անցանկալի: Նույն բառերը, որոնք հնչեցրել էր նախագահ Սահակյանը՝ խորհրդակցության ընթացքում։

«Ազատությունը» հաղորդում է, որ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, ով ամիսներ առաջ հայտարարել էր, թե ցանկություն ունի իր թեկնածությունն առաջադրել Ղարաբաղի հաջորդ նախագահական ընտրություններում, չի քննադատել Ղարաբաղի իրավապահների գործողությունները՝ միաժամանակ դատապարտելով նրանց, ովքեր տարածել են բռնությունները պատկերող տեսանյութերը։

«Ինչե՜ր կանեի, որ դա չհայտնվեր համացանցում, չեք պատկերացնում, և ոչ միայն ես, շատ-շատերը…»,- ասել է Աղաբեկյանը։

Արցախի հանրայինի լրագրողի հարցին՝ «Հայրենիքի ցավով ապրող մարդը, հայրենիքի համար ցավ զգող մարդը, մանավանդ՝ այն հայրենիքի համար, որտեղ նաև պատերազմական գործողությունների է մասնակցել, կարո՞ղ է իրեն թույլ տալ նման տեսաերիզ տարածել, որը խիստ դատապարտելի է բոլորի կողմից, և պառակտում մտցնել ազգի մեջ», ԼՂ փոխվարչապետը պատասխանել է. «Դատավորի կերպարի մեջ չեմ ուզում մտնել, Աստված կպատժի դա անողներին։ Ոչ էլ ուզում եմ տեսնել, թե ով տարածեց այս տեսանյութը, ով հասցրեց մոնտաժել»:

Այս կապակցությամբ «Ժողովուրդը» գրում է. «Նախ՝ այն, որ ԼՂ իշխանություններն առանց այդ էլ շատ բան արեցին, որ նման տեսանյութ չհայտնվեր, ակնհայտ դարձավ ավտոերթը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունից, նրանցից երեք պրոֆեսիոնալ տեսախցիկները խլելուց, ապա նաև՝ երթի մասնակիցներից շատերի հեռախոսներն ու տեսանկարահանող սարքերը հափշտակելուց:  Սակայն  իրենց մտածողության մեջ դեռևս անցած դարի իննսունականներում մնացած ԼՂ (նաև` ՀՀ) պաշտոնյաներն այդպես էլ չեն հասկանում մի պարզ իրողություն. աշխարհը փոխվել է, և նոր տեխնոլոգիաների պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի, որն իր ձեռքին ունի համացանցին միացված հեռախոս, արդեն իսկ հանդիսանում է տեղեկատվության տարածման հնարավոր սուբյեկտ: Ուստի նմանատիպ ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու նրանցից տեսախցիկների առգրավումը ոչ միայն չեն կարող երաշխավորել, որ կատարվածը չի հրապարակվի, այլև է՛լ ավելի են ընդգծում բռնարարքների դիմող իշխանությունների հանցավոր էությունը:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կալանավորվել է, նրա ֆիլմի պրեմիերան՝ հետաձգվել’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է’