‘Արթուր Գրիգորյան. Հանրային շահի ձեւակերպման հրամայականը’

2237

Մաս առաջին

Վերջին քաղաքական իրադարձությունից ահագին ժամանակ է անցել, և ջրերը կարծես բավականին զուլալվել են՝ անհերքելի փաստերի հիման վրա որոշակի ընդհանրացումներ անելու համար: Կարելի է, իհարկե, նստել ու «բռնացնել» հմուտ սոփեստների «վերլուծած- թողած» մտքերի տրամաբանական սխալներն ու հազար հինգ հարյուր տասներեքերորդ անգամ բացատրել, որ 2X2=4-ի, բայց, մի տեսակ, արժանապատվությունիցդ ցածր ես համարում նույն մարդկանց բացատրել, որ մեր կարծիքով՝ այս իշխանություններին փոխելու միակ տարբերակը բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն է, որ դեռևս 2007-ից հենց այդ ու միա՛յն այդ գաղափարն է ի սկզբանե ընկած Համաժողովրդական շարժման քաղաքականության հիմքում, և որ այս ամենի մասին տասնյակ անգամներ հրապարակավ ու շատ պարզունակ բացատրություններով ասվել է:

Որքանով է դա հաջողվում՝ իր ժամանակին կգնահատեն ժողովուրդն ու պատմությունը: Իսկ հասարակության շատ փոքր ու աղմկոտ մի հատված քեզ երբեք չի հասկանա, որովհետև հանրային-քաղաքական կյանքում այդ հատվածի փեշակը չհասկանալն է ու իր չհասկացածը վերլուծելը: Հետևապես, քանի դեռ «ցախավել» օպերացիայի մասնակիցները մտորում են, թե ո՞վ է լինելու «հավասարների» միջի «ավելի հավասարը», և կամ՝ ի՞նչ է առաջիկայում պատրաստվում անել սուպեր զրոների հանրագումարը, մենք օգտվենք մեզ ընձեռված հնարավորությունների պատուհանից ու փորձենք քաղաքական արձակուրդի այս միջակայքն օգտագործել՝ հանրության ընկալունակ հատվածի համար օգտակար մի քանի կարևոր մտքեր գեներացնելով:

Թույլ տվեք չվախենալ մի սյուրռեալիստական միտք արտահայտելու գայթակղությունից և պնդել, որ  հանրային և քաղաքական հատվածի գործուն ուժերը քաղաքական ռեֆլեքսիայի այս ժամանակահատվածը պետք է օգտագործեն «հանրային շահ» հասկացությունը ձևակերպելու և այն բովանդակությամբ լցնելու համար: Կարծում եմ, որ հմուտ սոփեստների և փորձագիտական մակարդակով պարզունակ բաները «չհասկացողների» մանիպուլյատիվ հնարքների կենսունակությունը մեծապես կախված է նրանից, թե որքանո՞վ է հանրությունը ձևակերպել հանրային շահերն արտահայտող ցուցիչները՝ ֆիլտրերը, որոնց միջոցով կարող է զտել հանրային և քաղաքական գործընթացների որակն ու բովանդակությունը: Ներողամիտ եղեք, խնդրեմ, բառաբարդույթներով շարադրանքիս համար՝ ասելիքս դեռ ինձ մոտ էլ է սաղմնային վիճակում: Հուսամ՝ միտքս չորրորդ անգամ բացատրելուց հետո ինքս էլ կհասկանամ՝ ինչ եմ ուզում ասել (J):

Սկզբունքորեն հեռու լինելով խոհափիլիսոփայական, խիստ տեսական-վերլուծական տիրույթներից՝ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կփորձեմ գործնական քաղաքականության դիտանկյունից ձեզ ներկայացնել որոշակի դատողություններ, իմ գնահատմամբ՝ ազգի և պետության կենսագոյության համար անկյունաքարային նշանակություն ունեցող այդ տարողունակ գաղափարի մասին՝ վերջապես քննարկման առարկա դարձնելով հանրային շահի ձևակերպման և դրանից բխող հանրային օրակարգ մշակելու հարցը:

«Հանրային շահն» ու դրա վրա հիմնված հանրային օրակարգը

Ընկերներիցս մեկի խոսքով՝ քանի դեռ որևէ գաղափար թղթի վրա ձևակերպված չէ, այն գոյություն չունի: Գաղափարները, որոնք շրջանառվում են հանրային տարբեր տիրույթներում, զուրկ են գործնական նշանակությունից և երբեմն անգամ վնասակար, քանի դեռ հստակ կերպով չեն ձևակերպվել և դրվել հանրային-քաղաքական օրակարգում:

Կարող է թվալ, թե ներկայիս հայաստանյան իրողությունների ֆոնին ինչ-որ հանրային շահի ձևակերպման թեմատիկան մի աղոտ, խիստ վերացական բան է՝ զուրկ քաղաքական բովանդակությունից ու պրակտիկ նշանակությունից: Ստորև ներկայացվելիք տեքստով և հաջորդիվ մի քանի հոդվածներով կփորձեմ ձեզ համոզել հակառակում. հենց հանրային՝ համընդհանուրի շահն է այն համապարփակ համակարգը, որի մեջ պետք է տեղավորել ինքնիշխան պետականության մեջ ինքնորոշված քաղաքացիների՝ հանրային իշխանությունների, քաղաքական ընդդիմության և հանրային հատվածի գործունեության մոտիվացիան:

Ընդ որում՝ խոսքս բնավ կուսակցական ծրագրային դրույթների մասին չէ, այլ ունիվերսալ, անժխտելի առաջնահերթությունների, որոնք պետք է ճանաչեն ոչ միայն քաղաքական կուսակցությունները՝ իրենց ծրագրերի շրջանակներում, այլև հանրային դաշտի հնարավորինս լայն հատվածներ: Հիմա՝ ինչպե՞ս կարող ենք ձևակերպել հանրային շահը, որ այն չլինի չափազանց վերացական և, միևնույն ժամանակ՝ պարունակի ամբողջ հանրության համար ընդունելի մոտեցումներ, հանգեցնի համախմբման, և ոչ թե տարակարծության ու վեճերի:

Հանրային շահի ձևակերպման արդիականությունը անառարկելի է հանրային բոլոր կենսունակ միավորների համախմբման տեսանկյունից: Հռչակված նպատակը՝ համակարգային ֆունդամենտալ փոփոխությունները, պետք է ունենան ներքին բովանդակություն, ինչը հանրային խմբերին վստահություն կներշնչի, որ քաղաքական պայքարի միջոցով իշխանությունը փոխելու արդյունքում միայն ջիփերի վարորդները չէ, որ փոխվելու են, այլ կատարվելու են այնպիսի խորքային շրջադարձեր, որոնք իրենց ներքին բովանդկությունից ելնելով՝ հանրության կենսագործունեության վրա ունենալու են երկարաժամկետ և համակարգային ազդեցություն՝ հանգեցնելով անհրաժեշտ ու անդառնալի համակարգային փոփոխությունների:

Հասկանալի է, որ հանրային շահի հասկացությունը շատ դժվար է համապարփակ ձևակերպել: Միևնույն ժամանակ, եթե դու չունես հանրային շահի վրա հիմնված սեփական օրակարգ, ապա անխուսափելիորեն հայտնվելու ես այլ ուժերի օրակարգերում՝ դառնալով նրանց մանիպուլյացիաների ակամա մասնակից՝ դրանով ոչ միայն չնպաստելով քո սեփական հանրային շահերի պաշտպանությանը, այլև օբյեկտիվորեն հակադրվելով դրանց: Այդ հակադրությունը հատկապես զգալի է արտաքին միավորների հետ հարաբերություններում, երբ, օրինակ՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի ապօրինի և կոռուպցիոն գործարքը որոշակի հանրային, նույնիսկ «իրավապաշտպանական» շրջանակներում մեկնաբանվում է ոչ թե որպես մեր հանրային գույքի փոշիացում, այլ Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը ինչ-որ կերպ հավասարակշռելու միջոց: Սա վառ օրինակ է իրական ինքնիշխանություն չունեցող, սեփական շահերը չգիտակցող մտածելակերպի: Թվում է, թե փորձում ես բալանսավորել արտաքին ուժերի ազդեցության լծակները, բայց փաստացի գործում ես օտարի շահերի սպասարկման համար՝ ի հաշիվ սեփական շահերի, որովհետև այն չես ձևակերպել, հետևապես՝ չունես:  

Նույն վիճակն է հանրության կենսագործունեության մյուս բոլոր ոլորտներում: Հանրային կառավարման ճգնաժամն այնտեղ է հասել, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններն իրենց թույլ են տալիս ուղղակի և կոպիտ միջամտություն կատարել ընդհուպ մինչև օրենսդրական կարգավորումների դաշտ՝ իբրեւ թե բիզնես միջավայրի բարելավման նպատակով, իսկ իրականում՝ իրենց ֆինանսական շահերի պաշտպանության համար՝ կրկին մեր հանրային շահերի հաշվին: Համաշխարհային բանկի միջամտությամբ, օրինակ՝ «Ընդերքի մասին» նոր օրենսգրքում հանքարդյունաբերական հսկայածավալ և գերթունավոր թափոնները այնպիսի իրավական ձևակերպում են ստացել, որ իրավաբանորեն թափոն չեն համարվում, ուստի ամբողջությամբ օֆշորներում գրանցված, բարեխիղճ «բիզնես միջավայրը» ստիպված չէ այդ թափոնների համար գումար վճարել: Եթե, օրինակ՝ բնապահպանության ոլորտում որպես հանրային շահ ամրագրվի միջազգայնորեն համընդհանուր ճանաչում գտած՝ «աղտոտողը վճարում է» սկզբունքը, ապա մեր սիրուն աչքերով հիացած Համաշխարհային բանկի վարած քաղաքականությունը կհակասեր ձևակերպված հանրային շահին: Մոտավորապես սա է ասածս: Եթե բոլոր ոլորտներում հնարավոր լինի ձևակերպել այսօրինակ ելակետային, ընդհանուր սկզբունքներ և դրանց շուրջ կոնսենսուսի բերել հանրային, քաղաքական, մասնագիտական առողջ խմբերին, ապա, կարծում եմ՝ հանրային կոնսոլիդացիան ավելի առարկայական կդառնա, իսկ «չհասկացողների» տարածքը էապես կփոքրանա:

Չհավակնելով տալ հանրային շահի ձևակերպման սպառիչ սահմանումներ՝ առաջիկա նյութերով կփորձեմ բացահայտել հանրային շահի ներքին տրամաբանությունը, ներկայացնել հանրության կենսագործունեության տարբեր ոլորտներում դրսևորվող համընդհանուր շահերի գնահատման հնարավորինս ունիվերսալ և անվիճելի ցուցիչներ, որոնց պրիզմայի միջով երևույթները գնահատելիս գուցե հնարավոր լինի գտնել բացարձակ անվիճելի թեզեր՝ նվազեցնելով թյուրընկալումները հանրության գործուն հատվածների միջև և կանխելով հաճախ մտացածին հակասությունների ուռճացումը:

Այսպիսով, անցնենք առաջ: Հաջորդ հոդվածով հանրային շահի դիտանկյունից ներկայացնելու եմ իմ մոտեցումներն «ինքնիշխանության» երևույթի վերաբերյալ: Ի վերջո, որո՞նք են այն ցուցիչները՝ ինդիկատորները, որոնցով հնարավոր է բացահայտել դրա ներքին բովանդակությունը: Արդյո՞ք մաքսային լիազորությունները վերպետական մարմնին՝ ԵՏՄ-ին զիջելը ցանկացած պարագայում հակասում է ինքնիշխանության գաղափարին, թե՞, գուցե՝ ոչ լեգիտիմ իշխանության առկայությունն ինքնին բացառու՞մ է ինքնիշխանության հնարավորությունը: Ինչևէ, խիստ չդատեք նվաստիս հանդգնությունը՝ ինքնիշխանության պես երևույթի գնահատման ցուցիչներ մշակելու լկտիություն ունենալու համար:

Շարունակելի…

 

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է նկարիչ Լեւոն Կոջոյանը’