‘Արխիվ. Հողերի հարց, նախկինների մանիպուլյացիան’

4734

Անցյալ տարի Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունից հետո, ինչպես հայտնի է՝ քարոզչական նպատակներով ակտիվորեն նորից  շրջանառվում ու շահարկվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ավելի կոնկրետ՝ շահարկվում է ոչ թե կարգավորման տարբերակների, այլ «հողերը ծախում են» քարոզչական պարզագույն տեխնոլոգիայի շրջանակներում, որի թիրախը անտեղյակ այն քաղաքացիներն են, որոնց տարիներ շարունակ, ի հեճուկս ընթացող բանակցությունների՝ ստել են, թե ի տարբերություն նախկինի՝ իրենք, սկսյալ 1998 թվականից, վարել են այնպիսի բանակցություններ, որտեղ հողերի թեմա չի քննարկվել, այսինքն՝ իրենց հռչակել էին հող պահողներ, իսկ իրենց բոլոր քաղաքական հակառակորդներին՝ հող տվողներ:

Բնականաբար, այդ քարոզչության ավանգարդում 1998-2018 թվականին Հայաստանում իշխանություն ունեցած անձինք են եւ նրանց «համախոհ» գործիչները, որոնց կողմից կիրառվող քարոզչական հնարքը պարզ է՝ ասոցացնել այդ անձանց Ղարաբաղի  հետ եւ իրենց հանցանքի համար հնչած ցանկացած քննադատություն որակել որպես քննադատություն Ղարաբաղի, Ղարաբաղի գոյության հանդեպ: Քննադատողներին էլ հռչակել Արցախի թշնամի:

Այս քարոզչական մեխանիզմը մշակվել է հատուկ «իշխանագալության» եւ «իշխանապահպանության» նպատակով: Այսինքն՝ արդարացնելու համար ամեն գնով իշխանության գալու եւ մնալու իրենց մղումները, եւ դատապարտելու ուրիշների իշխանության մնալը կամ գալու հնարավորությունը. իբր, մենք պիտի մնանք՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ, որ հողերը պահվեն, իսկ ուրիշները եթե ցանկանում են գալ իշխանության, ուրեմն գալիս են հողերը տալու համար:

Այս պարզագույն տեխնոլոգիան իշխանական ԶԼՄ-ներով, հատկապես՝ Հանրային հեռուստաընկերությամբ, կիրառվել է 1998 թվականից սկսած եւ է՛լ ավելի ուժգնացել է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց այդ քարոզչության հեղինակները՝ նախկին իշխանավորները, նույն տեխնոլոգիան շարունակում են կիրառել նաեւ այսօր՝ Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ:

Այս քարոզչական հարձակումների ֆոնին արժե, թերեւս, մի փոքր հետ գնալ՝ նախկինների ժամանակներ:

2005 թվականի մարտ, քոչարյանական ժամանակներ: ՀՀ ԱԺ-ում՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (նախագահությամբ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի) կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիները» թեմայով:

Լսումներում ելույթներ են ունենում տարբեր պատգամավորներ, պաշտոնյաներ եւ փորձագետներ, այդ թվում՝ ԱԳ գործող  նախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին, այլք:

Այս լսումներում բարձրաձայնվում են կարգավորման տարբերակում ներառվելիք հնարավոր այնպիսի դետալներ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում հետագայում նոր հանրաքվեի անցկացման մասին, որոնք 2007 թվականի աշնանն արդեն պաշտոնական փաստաթղթի ձեւով միջնորդների կողմից ներկայացվեցին Հայաստանին եւ Ադրբեջանին, եւ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին բանակցությունները շարունակել այդ փաստաթղթի շուրջ: Խոսքը «Մադրիդյան» փաստաթղթի մասին է:

Սույն լսումներից մեկ տարի անց  ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրեց այս լսումների գրավոր եզրակացություն:

Լսումներում բավականին ուշագրավ ելույթներ ունեցան հատկապես Վարդան Օսկանյանն ու Սերժ Սարգսյանը:

Հիմա տեսնենք, թե ինչ հայտարարություններ էին անում այս լսումներում «հողերը պահողները»:

Վարդան Օսկանյանի ելույթից հատվածներ.

Այսպես, քննադատելով մինչեւ իրենց իշխանության գալը եղած բանակցությունները եւ անդրադառնալով իրենց իշխանության գալուց հետո բանակցված առաջին փաստաթղթին՝ Օսկանյանը հայտարարում է.

«Հայաստանի արտահայտած նոր մոտեցումների, մասամբ էլ այն նորովի ընկալման պատճառով, որ անհրաժեշտ է համապարփակ լուծում, եւ այդ լուծումը չի կարող միայն հիմնված լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, համանախագահները հնարամիտ քայլ կատարեցին՝ համադրելով տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Արդյունքը եղավ «Ընդհանուր պետության» փաստաթուղթը, որը մերժվեց Ադրբեջանի կողմից»:

Փաստորեն, ԱԳ նախարարն արձանագրում է, որ բանակցային այս խայտառակ տարբերակը իրականություն չդարձավ Ադրբեջանի մերժման պատճառով, եւ որ Հայաստանի համար այն ընդունելի էր, Ղարաբաղը համաձայնել էր վերապահումներով:

Ամփոփիչ հատվածում Օսկանյանը առանցքային միտք է ասում.

«Եթե հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն ի դիմաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ապագայի ապահովման, դա հնարավոր է: Եթե այս տարածքները պետք է պահպանվեն ի դիմաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ապագայի ապահովման, դա նույնպես հնարավոր է: Նպատակը անվտանգությունն ու ինքնորոշումն է, տարածքները չեն»:

Էլ ավելի առանցքային հայտարարություններ է անում նաեւ Սերժ Սարգսյանը:

«Ես կողմնակից չեմ վերադարձնելու «անվտանգության գոտի» կազմող տարածքները՝ առանց մանրամասն հաշվի առնելու Ղարաբաղի բնակչության անվտանգության շահերը: Կարելի է բանակցությունների միջոցով կատարել որոշ զիջումներ՝ այն պայմանով, որ ադրբեջանական կողմը տա պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ, որոնք հաստատված լինեն նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ պետությունների կողմից տրված երաշխիքներով: Կարծում եմ, որ հայկական կողմը իսկապես պատրաստ է քննարկելու փոխզիջումների հնարավորությունը հենց այդ պրագմատիկ շրջանակներում»:

(Իհարկե, Սերժ Սարգսյանը սրանից հետո էլ բազմիցս խոսել է հայկական արդեն միակ կողմի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին, բայց դա քարոզիչները ակտիվորեն չնկատելու են տալիս-iLur.am):

Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հեռանկարների մասին՝ Սարգսյանը հայտարարում է. «Ինձ համար ակնհայտ է, որ Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ փոխզիջումների հիման վրա: Որո՞նք են այն զիջումները, որոնց, իմ կարծիքով, կարող է գնալ հայկական կողմը:
Մենք որպես սկզբունքային զիջում դիտում ենք այն փաստը, որ Հայաստանը դեռ պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ-ն…:

Երկրորդ սկզբունքային զիջումը. չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման օրինապատշաճությանը եւ նրա՝ որպես անկախ ժողովրդավարական պետության երկարամյա անընդհատ գոյության փաստին, հայկական կողմը կարող է համաձայնվել, որ նախկին ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ նրա ներկայիս բնակության վայրերում անցկացվի լրացուցիչ հանրաքվե, եթե այն կազմակերպվի ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հովանու տակ»:

Այսինքն, հայկական կողմը համաձայնում է, որ չեղարկվի 1991 թվականի հանրաքվեն, ինչ-որ անորոշ ժամկետում անցկանցել նորը՝ մինչ այդ Ադրբեջանին վերադարձնել տարածքները: Այն, ինչ որոշ ժամանակ անց ամրագրվեց Քոչարյանի եւ Օսկանյանի կողմից ընդունված Մադրիդյան տարբերակում, որի շուրջ 10 տարի բանակցեց Սերժ Սարգսյանը:

Հ.Գ. Ի դեպ, նույն լսումների ժամանակ Վարդան Օսկանյանը հայտարարում է. «Զուտ քաղաքական շահաբաժիններ քաղելու համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն օգտագործելը լի է լուրջ վտանգներով»: Շատ ճիշտ հայտարարություն, որը արդիական է նորից՝ հենց իրենց թիմակիցների համար, ովքեր տարածքների վերադարձի շուրջ բանակցելուց հետո ուրիշներին մեղադրում են «հող ծախելու» մեջ: Այ, երբ նրանք վերջապես դուրս գան էժանագին այս մանիպուլյացիաներից, այդ ժամանակ կարելի կլինի մասնագիտական առումով ու մակարդակով քննարկել բանակցված տարբերակները, նրանց դրական եւ բացասական տարբերակները, եւ այս պահին՝ մեզ համար ընդունելի կոնսենսուսային տարբերակի սահմանումը: Հատկապես հիմա, երբ Մադրիդյան տարբերակը բերել հասցվել է Կազանյան, ապա Լավրովյան տարբերակի, հատկապես Իրան-ԱՄՆ, ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-ՌԴ, ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակի ֆոնին, այդ ֆոնին տեղի ունենալիք հնարավոր զարգացումների համատեքստում:

Մինչ այդ, քանի դեռ քննարկումն ընթանում է հիստերիկ մեղադրանքների մակարդակով, ապա պետք է չզարմանան, որ իրենց միշտ հիշեցնելու են, որ եթե փոխզիջումային լուծմանը կողմ լինելը «հող ծախել է», ապա հենց իրենք են եղել առաջին հող ծախողները, քանի որ փոխզիջումների շուրջ բանակցելուն զուգահեռ՝ նաեւ ակտիվորեն զբաղված են եղել թալանով:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանը ազատվել է աշխատանքից, Լեւոն Մնացականյանը՝ ոստիկանապետ’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեան մարդասիրական օգնություն է փոխանցում ԿԺԴՀ-ին’