‘Արծվիկ Մինասյան. Անհրաժեշտ է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիր ‘

977

«Նաիրիտ» գործարանի հարցով ստեղծվելիք ՀՀ ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժովի հիմնական նպատակը ձեռնարկության վերագործարկման ծրագրի մշակումն է, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, նախատեսված է, որ ենթահանձնաժողովն ստեղծվելու է հավասարության հիմունքով: Հանրապետական կուսակցության մասնակցության բաժինը ենթահանձնաժողովում չպետք է գերազանցի 50%-ը: Ենթահանձնաժողովի անդամները պետք է աշխատեն բացառապես ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Այդ նպատակով կարևոր է պատկերացում կազմել ձեռնարկության ակտիվների մասին, պարզել բաժնետերերի հարաբերություններն այլ շահառուների հետ, ապահովել գործարանի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ անկախ գիտատնտեսական եզրակացությունը: Կարևոր է նաև հստակ առաջարկներ ստանալ հնարավոր ներդրումների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև պետության և աշխատանքային կոլեկտիվի շահերի պաշտպանության մեխանիզմներ մշակել, նշել է պատգամավորը:

Նշենք, որ գործարանն արդեն տևական ժամանակ անգործության է մատնված: Միայն աշխատավարձի գծով ձեռնարկության աշխատակիցների պարտքերը վերջին 15 ամսում կազմում են շուրջ 5 մլրդ դրամ: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ նշագծին: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: «Նաիրիտ» գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին «Մեժգոսբանկի» վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ անկախության ճանաչումը ներառվել է Հայաստանի խորհրդարանի օրակարգում’
Հաջորդ հոդվածը‘Նավթի գների նվազումը վերջապես հասել է Հայաստան’