‘Արծվիկ Մինասյան. Գազի գնի նման բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի ձևավորման (տեսանյութ)’

1289

Եթե Հայաստանի իշխանությունն այդքան կամք չունի դիմագրավելու ռուսական ռազմավարական մեր գործընկերոջ կեցվածքին, նշանակում է՝ որևէ ռազմավարական գործընկերություն չկա էստեղ, էստեղ ստրուկի և ստրկատիրոջ հարաբերություններ են: Այս մասին այսօր կառավարության շենքի առջև գազի սակագնի բարձացման դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովում «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Պատմությունը ցույց է տվել, որ այսպիսի հարաբերություններում չկա ռազմավարական գործընկերություն, այդպիսի հարաբերություններում կա ճնշել և կա դիմադրություն, և եթե այս իշխանությունները չեն կարողանում դիմադրել, պետք է հեռանան, իսկ եթե կարողանում են, բայց փորձում են հասարակության հաշվին նորից որոշակի բավարարումներ տալ այս կամ այն անձանց կամ խմբերին, այս դեպքում արդեն ժողովուրդը պետք է իր անելիքը անի այս իշխանությունների հետ»,- նշել է պատգամավորը:

Նրա կարծիքով՝ եթե իշխանությունը մինչև ամենացածր կարգի պաշտոնատար անձը ականջալուր չլինի, սա կարող է անգամ հասցնել նրան, որ «իշխանություններին ուղղակի սրբի-տանի երկրից»: «Իշխանությունը պետք է այդքան քաջություն, այդքան խոհեմություն ունենա, որպեսզի կարողանա գնահատել ստեղծված վիճակը: Երկրում վարվում է աղքատություն ծնող, անարդյունավետ պետական միջոցների, արդարադատության նսեմացման քաղաքականություն»,- ասել է Ա. Մինասյանը:

Նրա խոսքով՝ եթե հանկարծ գազի գների նման բարձրացում տեղի ունեցավ, շղթայական ռեակցիա է տեղի ունենալու, որը բերելու է հսկայածավալ գնաճի ձևավորման, և այս պայմաններում ցանկացած այլ բարձրացում պետք է առնվազն փոխհատուցի գնաճը, ինչը կարող է բերել շղթայական ռեակցիայի անվերահսկելի թե՛ դրամավարկային, թե՛ հարկաբյուջետային քաղաքականության:

«Դրա համար նախ պետք է կասեցնել, չթողնել գների բարձրացում, իրականացնել աշխատավարձերի, նպաստների բարձրացում, հաստատել արդար բաշխման համակարգ, նոր անցում կատարել պլանավորված գների բարձրացման»,- կարծիք է հայտնել Ա. Մինասյանը:

Տեսանյութը՝ Haynews.am-ի

Նախորդ հոդվածը‘Կոզակը դարձավ առաջին չեխը, որը հաղթեց Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում «Յուրի Վարդանյանից քցվածների պաշտպանության» խումբ է ստեղծվել’