‘Արման Մուսինյան. Սակագինը Հայաստանում թանկացրել է Սերժ Սարգսյանը ‘

2517

Ստորեւ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ելույթը՝ Աբովյանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված հավաքի ժամանակ:

Սիրելի աբովյանցիներ,

Իմ գործընկերներն արդեն հիմնականում  խոսեցին, ես ուզում եմ մի քիչ ավելի պարզեցնել։ Սակագինը Հայաստանում թանկացրել է Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Նազարյանը ոչ մի կապ չունի: Մենք բոլորս կարող ենք նեղվել, մեր զայրույթը թափել նույնիսկ ՀԷՑ-ի տեսուչների վրա, ովքեր կայցելեն մեզ: Նրանք էլ ոչ մի մեղք չունեն: Նրանք ստիպված են, պարտադրված են աշխատել Սերժ Սարգսյանի անմիջական, ապօրինի, հանցավոր հրահանգների ներքո։ Ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք՝ ընդվզում են տաքսիստները: Ինչ-որ մի ծանր որոշման առաջ կանգնեցրել են հասարակության այդ խավին։ Տաքսիստները ընդվզեցին, բայց, ի վերջո, տեղի է ունենում այն, ինչ այս իշխանությունները, ժողովրդի լեզվով ասած, առաջ են բրթում։ Հետո՝ ոսկերիչները։ Մենք պետք է հասկանանք, որ եթե նեղում են տաքսիստներին, դա մեր խնդիրն է, եթե նեղում են ոսկերիչներին, դա մեր խնդիրն է։

Այս համակարգը կառուցված է այնպիսի սկզբունքների վրա, որ նրանք անընդհատ պետք է հարստահարեն։ Նրանց չի հետքրքրում, թե նրանք ինչքան ունեն,  նրանց հետաքրքրում է հետևողական հարստահարումը, որպեսզի ես, դուք, բոլորս մեր առօրյա պրոբլեմներից, այդ բեռի տակից չկարողանանք դուրս գալ, շտկել մեր մեջքը, որպեսզի կարողանանք նրանց ներկայացնել պահանջներ` սկսած կենցաղայինից՝ բարեկարգել քաղաքը, վերջացրած՝ քաղաքականով, ճիշտ քաղաքականություն վարել այս, այս, այս ոլորտներում։ Նրանք դատապարտված են անընդհատ մեզ հարստահարելու։ Եվ սա չի ավարտվելու, վաղը մատնաքաշը կդարձնեն 400 դրամ, մյուս օրը գազը կթանկացնեն է՛լ ավելի շատ, տրանսպորտը կդարձնեն 200 դրամ։ Կանգ չի առնելու այս պրոցեսը, չմտածեք, որ նրանք մի օր կբարիանան։ Չի՛ լինելու դա: Դրա համար կա մեկ ճանապարհ, բոլորը մի կողմ թողնեն իրենց տարաձայնությունները՝ կանգնացնելու համար այս կործանարար ընթացքը։ Այս երկիրը դատարկվում է, առանց մարդու երկիր պահել չի լինում:

Սերժ Սարգսյանը վաղը չի լինելու և թքած է ունենալու, թե Հայաստանի հետ ինչ եղավ։ Իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Դրա համար՝ ամենակարեւոր բանը. ցանկացած հնարավորության պարագայում պետք է դուրս գալ փողոց, խաղաղ ճանապարհով ընդդիմանալ և փորձել հեռացնել Սերժ Սարգսյանին և իր վարչախումբը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Չի դադարելու այս պրոցեսը, վաղը այս ամեն ինչի հետևանքով անմիջական վտանգ է սպառնալու նաեւ Ղարաբաղին, սահմանին կանգնած մեր զինվորներին։ Այս հարցերը բոլորը իրար հետ կապված են: Չմտածեք, որ դրանք առանձին հարցեր են։ Հայաստանում բոլոր հարցերը իրար հետ կապված են, և ապօրինությունների բոլոր թելերը տանում են դեպի մեկ մարդ` Սերժ Սարգսյան։ Կկարողանա՞նք այդ հարցը լուծել , ձեր կյանքը, Հայաստանի կյանքը թեթեւանալու է  շատ արագ: Մի պարզ պատճառով. երբ  սկսում են չգողանալ, ժողովրդի վիճակը արդեն իսկ սկսում է բարելավվել, դրանից հետո, երբ սկսում են ինչ-որ բան անել, է՛լ ավելի է բարելավվում: Դրա համար, բոլորիդ կոչ եմ անում՝ մասնակցել այսօր Ազատության հրապարակում տեղի ունենալիք բողոքի ակցիային եւ ժողովրդին հասցնել այս գիտակցությունը: Ցանկացած հարց Հայաստանում՝ դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մազալու բաներ եւ դառը ճշմարտություններ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մի շարք համայնքներում տեղի կունենան բողոքի հավաքներ եւ երթեր ‘