‘Խմբագրական. Մազալու բաներ եւ դառը ճշմարտություններ’

3713

Մազալու հասարակություն ենք եւ հաճախ մազալու բաներ ենք ուզում եւ մազալու բաներից ենք բողոքում: Ասենք, կարելի է կարդալ օրվա մամուլը եւ հանդիպել «ա՜խ, մեզանում, ցավոք, չի կայանում նորմալ քաղաքական համակարգ, ա՜խ, մեզանում չկա գաղափարական պայքար, ա՜խ, ինչո՞ւ է քաղաքական ամլություն, ինչո՞ւ չկա շարժում», մի խոսքով՝ «վայ մամա ջան, վոտ տակայա դոլյա վարավսկայա» ոճի շատ անորակ մուղամներ, որոնք, սակայն, հրամցվում են համարյա Վագների օպերաների տեղ: Իհարկե, սրա մի մասը պարզ դեմագոգիա է, բայց մի մասն էլ՝ անկեղծ կարծիք: Թերեւս, ընթերցողն էլ զարմանա, թե ինչո՞ւ այսքան արհամարհանքով եմ գրում այս տիպի խոսքի մասին, չէ՞ որ դա ինչ-որ տեղ ճշմարտություն է արտացոլում: Բայց, նախ, փաստն ինքնին դեռ առանձնապես բան չի նշանակում: Կարելի է իրար վրա փաստեր շարել եւ, միեւնույն է, արդյունքում «հեքիաթ պատմել», եթե փաստերի պատճառներն ու կապն իրար հետ բացատրված չեն: Էլ չեմ ասում այն մասին, որ հաճախ նման կարծիքներ արտահայտում են մարդիկ, որոնք տարիներով պայքարել են քիչ թե շատ գործող ընդդիմադիր քաղաքական համակարգերի դեմ, հակաքարոզչություն իրականացրել, իսկ հիմա էլ կոկորդիլոսի արցունքներ են թափում, թե քաղաքական համակարգը չի կայանում: Որտեղի՞ց կայանա՝ լուսնի՞ց իջնի, թե՞ կախարդական փայտիկով:

Հայերի հաղթանակը Քենթուքիի դերբիում

Ուզում ենք ունենալ քաղաքական համակարգ, գաղափարական պայքար, ուժեղ քաղաքական կազմակերպություններ, որովհետեւ երկրի առաջ բազմաթիվ սուր հարցեր են ծառացած….: Իսկ է՞լ ինչ ենք ուզում՝ ատոմային սուզանավե՞ր Սեւան լճում, թռչող ափսեների արտադրության բացո՞ւմ Վանաձորի քիմկոմբինատում, Բիթլիսի վիլայեթի կամավոր միացո՞ւմ Հայաստանին՝ հանրաքվեի արդյունքում, հայկական ձիերի եւ ժոկեյների հաղթանա՞կ Քենթուքիի դերբիում: Չեմ հիասթափեցնում՝ Հայաստանում հնարավոր է քաղաքական պայքար, բայց պետք է սթափ հասկանանք իրավիճակի տիպաբանությունը՝ լուրջ քաղաքական գործ եւ լուրջ վերլուծություն անելու համար:

Կայացած կուսակցական համակարգը, գաղափարական պայքարը, լիարժեք գործող քաղաքական կառույցները, որոնք, ի դեպ, այսօր կարծես որոշակի ճգնաժամ են ապրում նաեւ, այսպես կոչված՝ արեւմտյան դեմոկրատիայի երկրներում, որեւէ մեկի ցանկությամբ չեն ձեւավորվում, ոչ էլ երկնքից իջնում են մանանայի տեսքով, այլ որոշակի հասարակական պայմանների հետեւանք են: Չի կարող, օրինակ, լինել գաղափարական պայքար, եթե լիարժեքորեն չի գործում ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու համակարգը: Չի կարող հասարակությունում, ուր չկան իշխանությունից տնտեսապես անկախ կամ գոնե ինքնավար խմբեր, լինել ուժեղ եւ կայացած կուսակցական համակարգ, չի կարող……եւ այսպես շարունակ: Այս նախադրյալները ստեղծելուց հետո նոր միայն կարող ենք որպես իրապաշտական նպատակ սահմանել գաղափարական պայքարը եւ ուժեղ հասարակական կառույցների ստեղծումը, այլապես՝ նմանվում ենք մարդու, որը տուն կառուցելը սկսում է կտուրից՝ առանց նախապես հիմքը գցելու:

Այս ամենը հուշում է, թե հաճախ պարզապես չենք հասկանում՝ ինչից ենք խոսում: Նմանվում ենք վայրենիներին, որոնք ծանոթանալով քաղաքակրթության ձեռքբերումներին, ասենք, տեխնիկական առաջընթացի նմուշներին, չեն հասկանում դրանց իրական ծագումը, չեն հասկանում, որ դրանք ոչ թե իրենք իրենցով են ստեղծվել,  այլ մեծ համակարգի մաս են, եւ որ, ասենք, բջջային հեռախոս ստեղծելու համար դա առաջին անգամ արտադրած հասարակությունը պետք է, նախ, ունենար համապատասխան քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգեր: Նույնը մերն է՝ ապրում ենք քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի ձգտող մի երկրում, բայց ուզում ենք արեւմտյան դասագրքերից փոխառած իդեալական քաղաքական համակարգ:

Ինչ իրական է՝ բանական է

Մենք պետք է ելնենք մեզանում առկա քաղաքական համակարգից, քանզի «այն ամենը, ինչ իրական է՝ բանական է», այսինքն, եթե կա մի իրականություն, այն պետք է ունենա բացատրություն եւ խաղի կանոններ: Մենք ունենք մի քաղաքական համակարգ, որը տարբերվում է սովետական բացարձակապես միակուսակցականությունից, բայց քանի դեռ ընտրություններում միշտ հաղթող է ճանաչվում տվյալ պահի իշխող ուժը, ապա չենք կարող խոսել նաեւ իրական բազմակուսակցականության մասին, որքան էլ Հայաստանում գրանցված եւ դեռ գրանցվելիք կուսակցությունների թիվը գերազանցի  ճանաչելի քաղաքական գործիչների թվաքանակը: Մեր համակարգը պայմանականորեն կարող ենք անվանել մեկուկեսկուցակցական՝ այն իմաստով, որ կա մեկ իշխող ուժ եւ բազմաթիվ քաղաքական այլ խմբեր, որոնք, եթե գործում են ամեն մեկն իր համար, լավագույն դեպքում կարող են որոշակի փայ ստանալ իշխող ուժից կամ էլ մնալ հավետ ընդդիմության դիրքում՝ մաշելով իրենց ներուժն ու վարկանիշը: Նման պայմաններում ընդդիմադիր քաղաքական պայքարի միայն մեկ արդյունավետ մարտավարություն կա՝ լայն համախմբում, ընդ որում՝ անհատների դերի անխուսափելի շեշտադրությամբ: Բայց նույնիսկ այդ մարտավարությունը հնարավոր է կիրառել միայն որոշակի նպաստավոր պայմաններում, որոնք այնքան էլ հաճախ չեն ստեղծվում: Մնացած դեպքերում՝ կարելի է, իհարկե, լուրջ դեմքով «քաղաքականությամբ զբաղվել», բայց դա կա՛մ ինքնախաբեություն է, կամ այլոց խաբելու բավականին անհեռանկար փորձ:

Քանի դեռ ամեն մեկն իր էշն է քշում ու իր՝ յուրահատուկ ազգափրկիչ ծրագիրն է մշակում՝ անկախ երկրի առաջ ծառացած խնդիրների քանակից ու որակից, վիճակը չի փոխվելու: Ավելին, այն գնալով վատթարանալու է, որովհետեւ գնալով նվազում է միայն ներքին՝ հայաստանյան ներուժով իրավիճակ փոխելու հնարավորությունը, քանի որ երկրի ներսում գրեթե չեն մնում իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող ռեսուրսներ: Պատահական չէ, որ այսօր խոսակցություններ են պտտվում դրսում որոշակի կարողություններ կուտակած հայերի մուտք գործելու մասին հայաստանյան քաղաքական դաշտ: Դրսի ազդեցության ավելացումն անխուսափելի հետեւանք է ներքին անկախ ռեսուրսների թուլացման կամ բացակայության: Եթե ինքնուրույն ի վիճակի չես փոխել իրավիճակը, ապա այն քո փոխարեն փոխելու է մեկ ուրիշը, եւ ի՛ր պատկերացրած ձեւերով:

Պատասխանատվության պահը

Մեզ հաճախ թվում է, թե այն փաստը, որ բնակչության մեծ մասը դժգոհ է իրավիճակից, կամ որ կառավարությունն ի զորու չէ լուծել առկա խնդիրները, բավականաչափ հիմք է ընդդիմադիր լայն քաղաքական շարժման առաջացման: Նույնիսկ զարմանում ենք, թե բա է՛ս էլ եղավ, է՛ն էլ եղավ, իսկ քաղաքական կյանքը, զարթոնք ապրելու փոխարեն, ավելի է անկում ապրում: Սրանք շատ միամիտ պատկերացումների արտահայտություն են: Դժգոհության աստիճանը կապ չունի կամ, ավելի ստույգ՝ կապ ունի միայն ա՛յն դեպքում, եթե հասարակությունն ի զորու է դժգոհությանը տալ կազմակերպված կերպարանք, որի համար էլ անհրաժեշտ է, որ հասարակությունն ունենա բավականաչափ անկախություն եւ ռեսուրս: Միայն ռոմանտիկ կինոներում կամ պոեմներում են տնանկ ու սնանկ զանգվածները գրոհում իշխանական պալատներն ու հաջողության հասնում՝ իրականության մեջ հաջողության միշտ հասել են կազմակերպված եւ համեմատաբար անկախ խմբերը, որոնք իրենց հետեւից տարել են զանգվածներին:

Պետք չէ երազել այն պահի մասին, երբ ամբոխները խելագարված իրենք իրենցով կապստամբեն եւ հրաշքով կփոխեն իրավիճակը: Պետք է մտածել, թե ինչպես կարելի է կազմակերպել երկրում դեռեւս առկա անկախ հասարակական ռեսուրսը՝ արդյունավետ դիմադրություն ստանալու համար, եւ պետք է առանց ավելորդ տվայտանքների սպասել, նաեւ՝ նախապատրաստել այն պահը, երբ նորից հնարավոր կդառնա լայն հասարակական համախմբումը, իսկ մինչ այդ պետք է ամեն գնով փորձել պահպանել առկա փոքր եւ միջին այն օջախները, որոնք այսօր դեռ կարելի է անկախ համարել: Ցանկացած առկա իրավիճակ կարող է փոխվել մեկ վայրկյանում՝ այլազան գործոնների ազդեցությամբ, եւ կշահի նա, ով նախապես պատրաստ կլինի ստանձնել պատասխանատվությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘Ավստրիացի տնտեսագետները հաշվել են հակառուսաստանյան պատժամիջոցներից Եվրոպայի կրած կորուստները’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Սակագինը Հայաստանում թանկացրել է Սերժ Սարգսյանը ‘