‘Արման Մուսինյան. Վարչախումբն ամեն ինչ փորձեց անել ընտրությունները կենցաղային միջոցառման վերածելու, բայց, ինչպես միշտ, ձախողվեց’

1349

Ազատության հրապարակում շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը: Քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի նախընտրական ցուցակի 3-րդ տեղում գտնվող Արման Մուսինյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Այսօրվա քաղաքական գործընթացների կենտրոնում բնականաբար Երևանի ավագանու ընտրություններն են: Այս կապակցությամբ արժե անել մի քանի արձանագրումներ, որոնք որոշիչ դեր են խաղալու մայիսի 5-ին:

Առաջինը: Չնայած հետնախագահական գործընթացների արդյունքում հասարակությունում ծավալված անտարբերության ու հիասթափության հերթական ալիքին, այսօր այն կարելի է ասել հաղթահարված է: Հայ Ազգային Կոնգրեսի, նաև մյուս ոչ իշխանական կուսակցությունների ջանքերով երևանցիներին է հասցվել այս ընտրությունների քաղաքական կարևորությունը: Այս հարցին մեծապես օգնել է նաև իշխող ռեժիմն իր` մտքից ու ասելիքից զուրկ, ծաղիկ-փուչիկ քարոզչությամբ և իր ավելի քան խոսուն թեկնածուով:

Հաջորդ արձանագրումը, և դա ապացուցեցին մեր թիմի կատարած դռնեդուռ այցելությունները, այն է, որ այս իշխանությունների նկատմամբ կա տոտալ ատելություն: Երբ նույնիսկ հանրապետական տեղական պատասխանատուները չեն ընդդիմանում ռեժիմի հասցեին արված քննադատություններին, եթե նրանք իրենք են խոսում վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի, նրա ընտանիքի, մերձավորների կուտակած, կուտակվող ու կուտակվելիք հարստությունների մասին, իրենց թեկնածուի` ժողովրդից գողացած միջոցների մասին, կարող եք պատկերացնել, թե ինչ աստիճանի ատելություն ունի հասարակությունն այս ռեժիմի նկատմամբ:

Վարչախումբն ամեն ինչ փորձեց անել ընտրությունները կենցաղային միջոցառման վերածելու, բայց, ինչպես միշտ, ձախողվեց: Հիմա իշխանություններին մնում է գործի դնել կեղծման մեխանիզմները, որովհետև սա է իրենց միակ փրկությունը: Մարդկանց ձայները գողանալը, գնելը: Ուրիշ ճանապարհ նրանք չունեն: Հիմա էլ հրապարակում են կեղծ սոցհարցումներ, որտեղ Տարոն Մարգարյանին խելացի է համարում երևանցիների 57 տոկոսը (լրիվ գժի տեղ են դրել երևանցիներին): Իսկ Կոնգրեսն, ըստ իրենց, ունի 3 տոկոս: Բարի, էդ դեպքում մի հարց: Դուք կարո՞ղ եք գտնել աշխարհում մի երկիր, ժողովրդավար, թե բռնապետական, որտեղ իշխող ուժը ամբողջ թափով աշխատի 3 տոկոս ունեցող քաղաքական ուժի դեմ: Իր խուժանին քսի տա ակտիվիստների վրա, ծեծուջարդ հրահրի, տասնյակ հեռուստաալիքներով ու կայքերով տարածի կեղծ, սուտ տեղեկություններ այդ ուժի մասին, ամեն քայլափոխի ուժային կառույցների միջոցով հետևի, անհաջող փորձեր անի ահաբեկելու նրա հանձնաժողովի անդամներին: Հիմա որ հեռուստաընկերությունը բացում ես, մեկ-երկու բացառությամբ` բոլորը խոսում են Կոնգրեսից: Բա դրանից էլ լավ ապացույց, որ մեզնից սփրթնած են: Միշտ էլ սփրթնելու են: Մենք հողին կպած, իրական քաղաքական ուժ ենք, կարող ենք ալեկոծություններ էլ ունենալ, բարդ ոլորաններով անցնել, կորուստներ ունենալ: Բայց հենց դրանով ենք մենք ուժ: Որովհետև իշխանության ղեկին ուժ են բոլորը, իսկ իշխանությունից դուրս, դժվար պահերին միայն նրանք, ովքեր անձնական-շահադիտականից վեր դասած սկզբունքներ ու իդեալներ ունեն ու պատրաստ են այդ սկզբունքների համար ցանկացած զրկանքի: Իշխանությունից հեռացվելուց հետո հանրապետականից Հ տառն էլ չի մնալու, մի պարզ պատճառով: Էնտեղ հավաքված մարդկանց հետաքրքրում է մեկ բան` իշխանություն, որ վերածվում է փողի: Իրենք էնտեղ կլինեին, եթե Հանրապետականի անունը լիներ նացիոնալ-սոցիալիստական, կոմունիստական, Մուսավաթ, ինչ կուզեք:

Մայիսի 5-ին Կոնգրեսի, մյուս ոչ իշխանական քաղաքական ուժերի կազմակերպվածության, հասարակության բուռն դիմադրության պայմաններում մենք հաղթելու ենք: Որ պահին Երևանի քաղաքապետի աթոռին հայտնվեց ոչ հանրապետական մարդ, Հայաստանում ստեղծվելու է սահուն հեղափոխության ճանապարհային քարտեզ և Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից դառնալու է ընդամենը ժամանակի հարց»:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ժամանակն է՝ Հայաստանը փրկել սրբապղծությունից’