‘Արմավիրից սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշումով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոցներ’

1038

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երեկ ցերեկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ 

Բացի այդ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։

Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Եկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը: Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները: Իրավիճակը հսկողության տակ է:

 

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-ը տեղեկացրել է Նազարյանին, որ 6,93 դրամը բավարար չէ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահ ընտրվելու դեպքում, Լապորտան սպորտային տնօրեն կնշանակի Պույոլին’