‘Արմենպրեսս. Պյոտր Սվիտալսկին պատճառ չի տեսնում անհանգստանալու’

1831

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին պատճառ չի տեսնում անհանգստանալու, թե դատական իշխանության անկախությունը թուլացնելու միտում կա:

Այս տեսակետը նա բարձրաձայնել է ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե դատաիրավական համակարգում բարեփոխումներով՝ հատկապես վեթինգով, անցումային արդարադատությամբ իշխանությունը փորձում է ստեղծել իրենց ենթակա դատական համակարգ:

«Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, ի նկատի ունենք իրապես անկախ իշխանություն, որը պաշտպանված է անհարկի, անօրինական միջամտություններից: Իշխանության երեք ուժերի լիակատար բաժանումը մեզ համար շատ կարևոր է: Դատական իշխանությունը վստահելի և արդյունավետ արդարադատության հենքն է: Եվ ես որևէ պատճառ չունեմ այս պահին, հաշվի առնելով նաև բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ, անհանգստանալու, թե կա որևէ միտում՝ ինչ-որ կերպ թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետությունում: Հայ գործընկերների հետ մեր քննարկումների շրջանակում անկախության գաղափարը գերակայել է, թերևս ամենակարևորն է եղել: ԵՄ-ն Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն սկսել է, մասնավորապես, դատաիրավական ոլորտում, ինչը նշանակում է, որ մենք քննարկում ենք և աշնանը շարունակելու ենք քննարկել այս հարցերը»,-ասել է Սվիտալսկին:

Ըստ Արմենպրեսի՝ նա ընդգծել է բարեփոխումների իրականացումը ՀՀ սահմանադրության համաձայն, և վստահ է, որ դա չափազանց կարևոր բաղադրիչ է: Դեսպանը նաև կարևորել է բարեփոխումների միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։ «Խոսքը, մասնավորապես, Եվրախորհրդի ստանդարտների մասին է, ՀՀ կառավարությունը շատ սերտորեն գործակցում է մեր գործընկերների հետ Եվրախորհրդում, նախարարն էր այցելել Ստրասբուրգ, փորձագետներ էին այցելել Հայաստան՝ խնդիրները հայ գործընկերների հետ քննարկելու համար»,- ասել է Սվիտալսկին՝ կարևորելով երկխոսությունը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» կվարձակալի «Ռեալի» ֆուտբոլիստին’
Հաջորդ հոդվածը‘Ռումենիգեն՝ Սանեի տրանսֆերի մասին’