‘Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» որևէ պահանջ չունի «Ազատ դեմոկրատներից»’

1272

««Ժառանգությունը» որևէ անհանգստություն այդ առիթով չի հայտնում: Իրենց որոշելիք խնդիրն է»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով այն լուրը, թե նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սատարելու է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ իրենք շարունակում են իրենց գործունեությունը: Նա դժվարացավ ասել, թե ինչու «Ազատ դեմոկրատները» նախապես հայտարարել էին, թե սատարելու են  Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, իսկ այժմ ընդունել են այլ որոշում:

««Ժառանգություն» կուսակցությունը որևէ պահանջ չունի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամներից, առավել ևս՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ պատասխանելով, այն հարցին, թե արդյոք սրանից հետո «Ժառանգությունը» կպահանջի՞, որպեսզի Ալիկ Արզումանյանը վայր դնի մանդատը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ խմբակցության ցուցակում առաջին եռյակում գտնվող պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավոր, իսկ եռյակից դուրս՝ մյուս պատգամավորները, դուրս գալով խմբակցությունից՝ պետք է վայր դնեն մանդատը:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գտնվում է առաջին եռյակում ու խմբակցությունից դուրս գալուց հետո կարող է մնալ պատգամավոր: Իսկ, ահա, Ալիկ Արզումանյանը, այս պարագայում պետք է վայր դնի մանդատը:

Նախորդ հոդվածը‘ ՄԱԳԱՏԷ-ին չի հաջողվել միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Իրանի պատվիրակության հետ’
Հաջորդ հոդվածը‘Կիևում վերամբարձ կռունկի անկման հետևանքով զոհեր կան’