‘Արմեն Մարտիրոսյան. Սուրիկ Խաչատրյանին նշանակելով` իշխանությունները ղեկավարվել են բացառապես ներկլանային շահերով’

992

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում անընդունելի է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես շատ եմ ափսոսում, որ իմ երկրում` Հայաստանում, Սուրիկ Խաչատրյանի նման մարդիկ, որոնք «փառավոր» կենսագրություն ունեն, դեռ կարող են վերադառնալ իրենց նախկին պաշտոններին: Դա վրդովեցուցիչ է և անընդունելի», — ասել է քաղաքական գործիչը: Նա նշել է, որ երկրի իշխանությունները, կայացնելով նման որոշում, ղեկավարվել են բացառապես ներկլանային, նեղխմբային շահերով:

Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին որոշում է կայացվել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում: Այժմ Գորիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ Խաչատյանի վերադարձի: Սյունեցիներն ավելի վաղ սպառնացել էին փակել ճանապարհը` Խաչատրյանի նշանակման դեպքում:

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյանների վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Սուրիկ Խաչատրյանի նշանակումը ապտակ է Հայաստանին և նրա ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ vs Դատախազություն. 4-րդ փուլ’