‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմադիր քաղաքապետը ամեն ինչ կանի, որ սխալներ չլինեն (տեսանյութ)’

941

Ավագանու ընտրություններին ընդառաջ մայիսի 3-ին, ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի հետ:

Եթե ընդդիմության ներկայացուցիչը ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեխանիկորեն դառնալու է ընդդիմություն եւ այդ ժամանակ հենց ՀՀԿ-ն է իրավունք ունենալու վերահսկող հանձնաժողովի միջոցով հսկել քաղաքապետի աշխատանքը:

Սա այն քայլերից մեկն է, որը պատրաստվում է իրականացնել ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն ընտրվելու պարագայում:

«Իշխանությանը ձեռնտու է ընդդիմադիր քաղաքապետի սխալները, պարզ է, որ ընդդիմադիր քաղաքապետը ամեն ինչ կանի, որ սխալներ չլինեն, ու դրանից կշահի Երեւանի քաղաքացին: Ժողովրդավարության 3 մակարդակներն էլ ամրագրելու ենք Հայաստանում՝ ներկայացուցչական, անմիջական եւ մասնակցային ժողովրդավարությունը»,- խոստանում է Ռուստամյանը:

ՀՅԴ-ն պատրաստվում է նաեւ մունիցիպալ ոստիկանություն ստեղծել, որը չի բխում ՀՀԿ շահերից:

Ռուստամյանը չի ուզում գուշակությամբ զբաղվել եւ հայտնել, թե որքան տոկոս ձայներ են պատրաստվում հավաքել ընտրությունների ժամանակ: Նա համոզված է, որ տոկոսներ գուշակող քաղաքական գործիչները սուտ են խոսում ու այս պարագայում կարեւորը իշխանափոխությունն է եւ ոչ թե թիվ «խփելը», ինչպես նախագահական ընտրությունների նախընտրական պայքարում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 «Այժմ իշխանությունն ու ընդդիմությունը հավասար հնարավորություններ ունեն ընտրատեղամասերում: Իշխանությունը կատարելագործում է ընտրակեղծիքները, ընդդիմությունն էլ, եթե միավորվում է, ճիշտ վերահսկողություն է լինում, քանի որ բոլորը պահում են բոլորի ձայները», — այսպես են պատրաստվում ընդդիմադիր ուժերը վերահսկել ընտրությունները՝ ըստ Ռուստամյանի:

Նա համոզված է, որ իշխանությունը, ինչքան էլ իր բոլոր մեխանիզմները գործի դնի, չի կարող ունենալ 50 տոկոսից ավելի ձայն:

Նախորդ հոդվածը‘Վերջին երեք ամիսներին երկրից մեկնել և չի վերադարձել 37 101 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Սենսացիոն բացահայտում. «Մայամի» հյուրանոցը պոռնկատուն է եղել’