‘Արոնյանը դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից’

1051

Բիլբաոյում շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի նախավերջին` 9-րդ տուրը գերարդյունավետ ստացվեց: Այն սեւ խաղաքարերով հանդես եկող շախմատիստների համար «սեւ» ստացվեց. Սպիտակները հաղթեցին բոլոր պարտիաներում:

Այժմ արդեն կարելի է ասել, որ Լեւոն Արոնյանը Ստամբուլի օլիմպիական խաղերից հետո պարզապես չի հասցրել վերականգնել ուժերը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել մեր լավագույն շախմատիստի ոչ այնքան հաջող մրցելույթները մրցաշարում: Միայն առաջին տուրում է Արոնյանը տարել իր միակ հաղթանակը:

9-րդ տուրում Արոնյանը սեւերով խաղում էր առաջատարներից մեկի` Կարուանայի հետ: 21-րդ քայլում Արոնյանը ֆիգուր զոհաբերեց, որը սակայն անհաջող մտահղացում էր, ծանր դիրք ստացավ եւ Կարուանան 39-րդ քայլում գրանցեց իր հաղթանակը: Դա նշանակում է, որ Արոնյանը կորցրեց մրցաշարում հաղթելու նույնիսկ տեսական հնարավորությունները:

Տուրի մյուս կարեւոր մրցավեճում նորվեգացի Մագնուս Կառլսենը արդեն 30-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել աշխարհի չեմպիոն Վիշի Անանդին:

Տուրի երրորդ խաղում ռուսաստանցի Կարյակինը առավելության հասավ Վալյեխոյի նկատմամբ: Ընդ որում, այս մրցաշարում Վալյեխոն արդեն որերորդ անգամ ունենալով գերազանց դիրք, չի կարողանում իրացնել առավելությունը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ եղան: Չեմպիոնի հարցը կորոշվի վերջին` 10-րդ տուրում: Կարուանան եւ Կառլսենը հավասար միավորներ ունեն: Կառլսենի սեւերով կխաղա Արոնյանի հետ, իսկ Կարուանան` Վալյեխոյի: Այնպես որ, Արոնյանը մրցաշարում դեռ կարող է վճռորոշ դեր ունենալ:

Մրցաշարային իրավիճակը 9-րդ տուրից հետո.
1-2. Կարուանա, Կառլսեն – 16 միավոր, 3. Արոնյան – 10, 4. Կարյակին – 9, Անանդ – 8. Վալյեխո -5:

Նախորդ հոդվածը‘Ռուս-վրացական համաձայնագիր է պատրաստվում ուժի չկիրառման մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Հակամարտության լուծման լավագույն միջոցը երկխոսությունն է ‘