‘Արսեն Գրիգորյան. Անդունդի փնտրտուք’

4108

Հայկական առաջատար լրատվամիջոցներում ցույց տվեք որեւէ քաղաքական խոսք: Չկա: Քաղաքականություն, իհարկե, կա: Բայց քաղաքական խոսք չկա: Նույնիսկ արեւի տակ տեղ փնտրող քաղաքական գործիչն իր «արեւին» հասնելու համար քաղաքական խոսք է իրացնում: Որովհետեւ քաղաքական խոսքը գետ է, այն շարժ է եւ իրենով շարժում է ամեն ինչ:

Քաղաքական խոսքն իրենով բացում է փակված ծորակը, մաքրում է գետի հունը, որպեսզի կյանք լինի: Քաղաքական խոսքն ինքնին ժողովրդից դուրս եկող խոսք չէ, բայց այն իր մեջ ներառում է ժողովրդին, նրա սպասումները: Երբ քաղաքական խոսքը վերանում է, մամուլը կորցնում է իրենից ասելիք ներկայացնելու փիլիսոփայական հիերարխիան: Նույնիսկ դեղին մամուլը խորքում սնվում է քաղաքական խոսքից այն իմաստով, որ գիտի իր տեղը եւ դերը: Դեղին մամուլը լարվածություն թոթափող է եւ ինքն իրենով անհրաժեշտ տեքստ է այն հասարակությունում, որը բավականաչափ մարսել է մնացած բոլոր ասելիքները: Այդ իմաստով Հայաստանն անապատականացված է: Դեղին մամուլ անգամ չկա: Դեղին մամուլը նույնքան գրագիտություն է սիրում, որքան քաղաքական խոսքը: Նույնքան՝ «քաղաքական» նախասիրություններ, որքան՝ կուսակցական մամուլը: Ամեն ինչ Հայաստանում կործանվում է այն իմաստով, ինչ իմաստով պետություններն իրենցից պետություն են ներկայացնում: Բոլորն ընկնում են, մինչդեռ նույնիսկ անդունդը չկա: Անդունդը կորցրել ենք:

Քաղաքական խոսքը նույնիսկ բանաստեղծությունից չի տարբերվում, այն նույնպես դրսեւորման դաշտ է: Իսկ դուք լսեք, թե ինչ է ասում ընդդիմության երբեմնի առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Խորհրդարանի փոխնախագահը գաղափար անգամ չունի «քաղաքական նպատակահարմարություն» հասկացությունից: Կարծում է, թե եթե Ալիեւը խոսում է, անպայման պիտի հիմարություն ասի: Միտք չկա: Ադրբեջանից պետք է մի խոսք հնչի Երեւանը գրավելու մասին, որպեսզի աշխուժանան: Ամբողջ ասելիքը հնչում է մի ուղղությունից: Այդպես մի ուղղությամբ քայլում էր 30-ականների Գերմանիան: Մենք քիչ բանով ենք տարբերվում այդ ժամանակների Գերմանիայից: Միակ տարբերությունը երեւի պետության ղեկավարի կամբոջական առաջնորդին հատուկ ասելիքի ժուժկալությունն է: Էդ մարդը չի շտապում ասել: Ու՞մ ասի: Ու՞մ հետ մտնի ասելիքի ռինգ: Խորհրդարանում քաղաքական 4 ուժ կա, որի՞ որեւէ ասելիքին կանգնի ու հակադրվի այդ մարդը, եթե ինքն էլ ըստ էության թելադրում է այդ ասելիքը, եթե չեմ սխալվում, դը Գոլի այն մտքի հանգույն, որ եթե ձեր կարծիքն ինձ հետաքրքրի, ես ձեզ տեղյակ կպահեմ ինչ ասեք:

Քաղաքական խոսքն այնպիսի բան է, որ յուրաքանչյուրն ինչ խայտաբղետությամբ էլ այն ասի, հաստատ լրացնելու կամ «սադրելու» է որեւէ բովանդակություն: Թատրոնում է այդպես: Առանց այդ սադրանքի թատրոնը չկա: Խորհրդարանական ընդդիմադիրները նույնիսկ ընդդիմադիր լինելու դեր չունեն: Որովհետեւ առանց քաղաքական խոսքի քաղաքական ընդդիմություն չեն լինում: Երբ թատրոնում բոլորը մի դեր են խաղում, ասենք, բոլորը Համլետ են նույն պիեսի մեջ, հեղինակը հաստատ մի ուղերձ դնում է դրա մեջ: Հեղինակը պատմում է ավարտված մարդու մասին: Որովհետեւ ոչ մեկը մյուսի համար կյանքի մի էջ չէ, իրեն լրացնող կամ բացասող չէ: Պարզապես ոչ մեկը գոյություն չունի: Եվ ո՞վ է սրա համար պատասխան տալու: Ես աշխարհում ոչ մեկին չգիտեմ, որն ինձ կասի՝ ինչու՞ ես ես չեմ:  

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմ»-«Արսենալ». Էրիքսենն ընդդեմ Մխիթարյանի’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ» — «Արսենալ»՝ 1:0. Քեյնի գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին (տեսանյութ)’