‘Արսեն Գրիգորյան. Ինքնազոհաբերում` պա՞րտք, թե խիղճ’

3831

Բանակն իր էությամբ ինքնազոհության միջավայր է: Մտնել բանակ, նշանակում է, արդեն իսկ պատրաստ լինել ինքնազոհաբերման: Բայց որպեսզի պատրաստ լինես, անհրաժեշտ է համապատասխան միջավայր:

Բանակում ինքնազոհաբերումը պարտավորություն է, ոչ թե պատրաստակամություն: Կարելի է ասել` հաստիք է մեկ գործողությամբ: Եվ այս ինքնազոհաբերման համար պարտադիր չէ, որ քո պետությունը անպայման լինի հակամարտության մեջ: Բանակն արդեն իսկ այդ ինքնազոհաբերության «խայծը» կրում է իր մեջ` մտել ես, պիտի իմանաս, որ կան նաեւ մեռնելու համար «նախատեսված» իրավիճակներ: Ինչի՞ համար կարելի է մեռնել: Անշուշտ այն ամենի, հանուն ինչի ապրում ենք` մայր, կին, հայր, պետություն: Մարդն իրեն նետում է կրակի մեջ, փրկում է անշարժունակ մի ծերունու, իսկ ինքը զոհվում է: Կամ նետվում է սառած գետը փրկելու ինչ-որ շան: Շունը փրկվում է, իսկ ինքն այլեւս ուժ չունի, սառույցների միջից դուրս գալու: Ուստի մահանում է: Անշուշտ, կրակի եւ սառցե գետի մեջ նետվողը չեն մտածել, որ իրենց արածն ինքնազոհաբերություն է: Էդ գիտակցությունը չի իշխում փրկելիս: Փրկելիս իշխում է հենց փրկության գիտակցումը: Ինչու՞: Որովհետեւ փրկողն առարկայորեն տեսնում է փրկվելու ենթակա մարդուն կամ կենդանուն:

Իսկ իրականում խնդիրը ծերունին չէ, կյանքի ընկալումը չէ, խնդիրը ես եմ: Նույնիսկ կյանքի գիտակցումը չէ: Մարդիկ կան, որոնք ոչ մի գնով ինքնազոհաբերման չեն գնա: Կամյուի «Անկումի» հերոսը` Ժան Բատիստ Քլամանսը, նրանցից մեկն էր: Նա չփրկեց գետը նետված կնոջը: Վկա չունեցող այդ փրկությամբ ինքը ոչինչ չէր ապացուցում: Բազմաթիվ են մարդիկ, որոնք մեռնելու գնով փրկում են ուրիշին: Այս մարդկանց խիղճը «ծրագրավորված» է վտանգի մեջ հայտնվածի հանդեպ անդիմադրելիության աստիճանի «թուլությամբ»: Այս մարդիկ այդպիսին են իրենց մեջ խղճի «մեծամասնությամբ»: Այս մարդիկ չբաղդատվող սեր ունեն, որի համար չկան դրսեւորման կամ չդրսեւորման վտանգներ: Բոլոր վտանգների մեջ դրսեւորվելու համար նրանք ուղղակի «մոմ» են (ներողություն այս բառի համար): Այդպիսի արյուն հանձնողներ կան: Կա նաեւ մեր Շավարշ Կարապետյանը:

Պետության պարագան այլ է: Այստեղ փրկելիքն ընդգրկուն է: Իսկ փրկիչը` 18-20 տարեկան երիտասարդ: Ինքնազոհաբերության հիմքում իմաստավորումն է` ես մեծ կարեւորություն եմ տալիս կրակի մեջ հայտնված այն ծերունուն, որին տեսնում եմ առաջին անգամ: Վտանգի մեջ հայտնված պետության համար հատկապես ո՞ր իրավիճակում 18-20 տարեկան երիտասարդը «աշխատեցնի» իր խիղճը: Թվում է, թե դա պետք է արվի դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից: 4 տարեկան երեխային այսօր էլ մեր մանկապարտեզներում սովորեցնում են «զոհաբերվել»: Սա ճիշտ չէ: Զոհաբերությունն առանց սիրո ընկալման չի լինում: Պետք է ընդլայնել երեխայի, պատանու սիրո աշխարհը: Պետք է սնել այն: Ամենեւին կարիք չկա առանց սիրո վրա «խաղադրույք» անելու մատղաշ էությանը նախապատրաստել զոհաբերության: Դա հանցագործություն է: Դա նշանակում է`մանկապարտեզներում եւ դպրոցներում նախապատրաստել մատաղացու:

Մայրերն ինչու՞ են դողում բանակ գնացող որդու վրա: Կամ ինչու՞ են պաշտոնյաներից շատերը իրենց որդիներին հեռու պահում առաջին գծից: Որովհետեւ պետությունը որպես քո սիրո մեջ «ապրող» պարտքի օբյեկտ ամբողջական չէ: Սերն ի՞նչ է տագնապների նույնականացում: 18-20 տարեկան երեխաները էդ նույնականացումը չեն կարող ապրել: Իրենց մոր ու հոր աղքատությունը, անհուսությունը, երբեմն նույնիսկ մահը նրանց աչքում չի աղքատացնում, անպաշտպան չի դարձնում պետությունը: Պետությունն այդ երիտասարդներին չի առաջարկում իր «սերը»: Մինչդեռ «սիրո» նրա գործիքներն արդեն իսկ պետք է լինեին կյանքում, որպեսզի ինքնազոհաբերումը շահ չենթադրի: Իսկ այդ գործիքները չկան:

Նախորդ հոդվածը‘Սաուլի Նիինիստյոն վերընտրվել է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Վանաձոր-Ալավերդի ճանապարհին երթեւեկությունը մասամբ կդադարեցվի մեկ ամսով’