‘Արսեն Գրիգորյան. Մերի Հակոբյանն ուզում է կուշտ լինել’

13831

Մեղրիի 2-րդ դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանը կուսակցական տոմսեր է բաժանել աշխատակիցներին: Տարօրինակ ոչինչ չկա: Ես կարծում եմ, այսօր դպրոցներում կարելի է նաեւ գիշերային ակումբներ բացել: Բայց՝ ցերեկը: Կարելի է «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի դասեր անցկացնել: Կարելի է ՀՀԿ պատմության դասեր մտցնել:

Ես չեմ չարախնդում: Որովհետեւ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է նրանց արգելում դա անել: Ի՞նչն է Մեղրիի 2-րդ դպրոցի տնօրենին արգելում կրթական հաստատության շենքում կուսակցական քարոզչությամբ զբաղվել: Սահմանադրությու՞նը: Իսկ ինչու՞ է զբաղվում: Զբաղվում է, որովհետեւ Սահմանադրությամբ մեր դատարաններն անկախ են, հեռուստաընկերություններն անկախ լրատվամիջոցներ են, որովհետեւ քվեարկությունը կամքի ազատ արտահայտություն է, եւ երաշխավորված է յուրաքանչյուրի երջանիկ մանկության եւ կյանքի իրավունքը: Այս նույն պատճառով այդ կինը դպրոցում ՀՀԿ-ական տոմսեր է բաժանում: Պե՞տք է նա պատասխանատվություն կրի դրա համար: Չգիտեմ: Որովհետեւ դրանից առաջ նա ծնողներին եւ նրանց կից անձանց ստիպել է ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկել Հանրապետականի օգտին ու դրա համար պատասխան չի տվել: Այսօր էլ եւ միշտ նրա ղեկավարած դպրոցը դրամահավաքություն է իրականացնում տարբեր միջոցառումների անվան տակ ու պատասխան չի տվել:

Մյուս դպրոցներում ՀՀԿ-ական տոմսեր չեն բաժանում ոչ թե այն պատճառով, որ չի կարելի, այլ որ չեն բաշարել: Մերի Հակոբյանը բաշարել է: Ծափահարենք նրան: Նա «հոտառությամբ» է զգում անպատժելիությունը: Ինչպես մեր դատավորներն են զգում, որ կարող են առանց պատասխան տալու ապօրինի դատավճիռներ կայացնել: Ինչպես օրենքով գողերն են զգում, որ անպատժելի են այս հողի վրա: Որովհետեւ արգելափակվել է պետության, անկախության ընկալումը:

Մերի Հակոբյանն ուզում է կուշտ լինել: Նա ՀՀԿ-ի վրա էլ թքած ունի: Վաղը, եթե Հայաստանում «Ենի Ազերբայջանը» իշխանության գա, նա այդ կուսակցության անդամատոմսերը կբաժանի ուսուցիչներին: Ուսուցիչները չեն էլ վիճարկի: Որովհետեւ անհեթեթության, հիմարության խորքում ի՞նչ տարբերություն, թե ով է իշխող կուսակցությունը: Եթե մարդու գոյության մեկնակետը «մի փոր հացն» է, ի՞նչ տարբերություն, թե ով այն կտա: Հայաստանը լավ ժամանակներ չի ապրում: Ինքն այլեւս չի իմաստավորում իր ձախողումները: Մերի Հակոբյանի համար Մեղրին ոչ թե Հայաստանի մաս է, որն ունի Սահմանադրություն, այլ ՀՀԿ-ական ողորմածության տարածք է: Մերի Հակոբյանը հիմքեր ունի այդպես մտածելու: Իր կուսակցությունը մոտ 20 տարի անշեղորեն հաղթում է բոլոր ընտրություններում, ընդդիմացողները սպանվում են կամ հայտնվում են բանտերում: Լավագույն դեպքում սոված են մնում:

Կյանքի դպրոցում Մերի Հակոբյանն ուշիմ սովորող է, խելքը հացի հետ չի կերել, որ այս ամենը հաշվի չառնի: Նրան հետաքրքիր էլ չէ, որ գործ ունի երեխաների հետ, որոնց համար դասագրքեր են տպագրվում, որոնք այս կամ այն չափով քաղաքացի ունենալու մասին են: Իսկ հետաքրքիր չէ, որովհետեւ հեռու չէ այն օրը, երբ դասագրքերը նույնպես կհարմարեցվեն ՀՀԿ-ական անբարոյականության կենցաղին եւ փիլիսոփայությանը:  Եվ դարձյալ տարօրինակ ոչինչ չի լինի: Որովհետեւ հեռու չէ այդ օրը, երբ պետական անբարոյականությունն այլեւս հարցեր չի առաջացնի: Մերի Հակոբյանի կրթական գոյությունը վկա: 

Նախորդ հոդվածը‘Պառակտում ԱԳհ-ի շարքերում’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում’