‘Արսեն Գրիգորյան. Մուգաբեից հինգ պակաս’

21188

Զիմբաբվեն ազատվում է բռնապետից։ Դա չի նշանակում, որ Ռոբերտ Մուգաբեին հաջորդելու է Աստծո հրեշտակը։ Եվ չի նշանակում, որ նոր իշխանություն ընտրելիս ժողովրդի ձայնը լինելու է Աստծո ձայնը։ Պարզապես շարքային զիմբաբվեցին տեսավ, որ նահապետն անմահ չէ։

Մուգաբեն իշխեց 37 տարի։ Նա սկսել էր որպես վարչապետ՝ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում, եւ ավարտեց որպես նախագահ՝ նախագահական կառավարում ունեցող երկրում։ Մուգաբեն կաթոլիկ քրիստոնյա էր աֆրիկյան բանտու ցեղից եւ կրթություն էր ստացել Լոնդոնում։ 1980 թվականին իշխանության գալով՝ ապրիլին հռչակեց իր երկրի անկախությունը Մեծ Բրիտանիայից։ Մարդը 56 տարեկան էր, երբ դարձավ պետության գլուխ։ 92 էր, երբ հեռացվեց։ 1987-ին փոխեց երկրի Սահմանադրությունը, որպեսզի վարչապետից դառնա նախագահ։ Ինքն էլ իրեն հռչակեց նախագահ։ Ոչ մի ընտրություն։ Վերջին անգամ իրեն նախագահ հռչակելիս 92-ամյա բռնապետը հայտարարեց, որ մտադիր է նախագահ լինել մինչեւ 100 տարեկանը։

Վարչապետի պաշտոնում իրագործեց մարդկության մեծագույն ոճիրներից մեկը՝ կոտորեց, տարբեր տվյալներով, 50-ից 100 հազար մարդու մատաբելե  ցեղից։ Այդ գործում նրան օգնեց ԿԺԴՀ հիմնադիր առաջնորդ Կիմ Իր Սենի օգնությամբ ստեղծված 5-րդ բանակային բրիգադը։ Կոտորածի պատճառն այդ ցեղի դժգոհությունն էր վարչապետից, որը ներքին գործերի նախարարի պաշտոնից հեռացրեց իր ընկերոջը՝ Ջոշուա Մկաբուկո Նկոմոյին։ Պոետի նուրբ հոգին կոտորածին լիրիկական անուն տվեց՝ գուկուրահունդի,  որը երկրի հիմնական՝ շոնա լեզվով թարգմանվում է այսպես՝ վաղ անձրեւ, որը մոլախոտերն է մաքրում գարնանային ջրհեղեղներից առաջ։ Այդ կոտորածից 6 տարի հետո նա Նկոմոյին նշանակեց երկրի փոխնախագահ։ Երկիրն ապրեց այն զգացումով, ասես ոչ ոք երբեք չի մեռել։

Նա կեղծել է իր պետության բոլոր ընտրությունները։ Մրցակիցների համար ուներ պահանջվող բառապաշար՝ թող փորձեն ընտրություններից հետո միտինգներ անել, ձեւականությունների հետեւից չենք ընկնի։ Ընտրություններից հետո ասում էր՝ պարտվողները կարող են իրենց խեղդել։ Իրենց հաղթանակը պնդողներին հակադարձում էր համեմատաբար սպարտավարի՝ մեզ չեք խաբի։

Մուգաբեի կինը՝ Գրեյս Գորերազան, Մոնակոյի արքայադստեր՝ Գրեյս Կելիի բարդույթներն ուներ։ Երազում էր նախագահի պաշտոնում փոխարինել ամուսնուն։ Գրեթե լուծված հարց էր։ Բանակը խանգարեց։ Մինչդեռ քաղաքական կարիերան սկսել էր Ռոբերտի քարտուղարուհին լինելով։ Այդ առիթով էլ ամուսնացան, եւ Գորերազան դարձավ Մուգաբե։ Ամուսնուց փոքր է 40 տարով։ Պակաս նուրբ հոգին չէ Գրեյսը։ Հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգի հյուրանոցներից մեկում այս տարվա օգոստոսին նա ծեծում է 20-ամյա մի գեղեցկուհու, որն առանձնացել էր Գրեյսի որդիների հետ։ Ծեծի արդյունքում գեղեցկուհու ճակատը բառացիորեն բացվել էր։ Գրեյսը պատասխան չտվեց դրա համար։

Գրեյսի ամուսնու՝ Ռոբերտ Մուգաբեի օրոք Զիմբաբվեն դարձավ աշխարհի տնտեսական ամենատխրահռչակ ռեկորդի հեղինակը՝ ազգային դոլարը 37 տարվա ընթացքում արժեզրկվեց 231 միլիոն անգամ։ Ուսուցիչների աշխատավարձն արժեր մեկ ու կես կտոր հաց, չնայած դրան՝ աշխատավարձն ստանում էին տոպրակներով։ Այսօր Զիմբաբվեի դոլարն այլեւս գոյություն չունի, այսինքն՝ պետությունն ազգային արժույթ չունի, մարդիկ վճարում են ամերիկյան դոլարով, եվրոյով եւ հարեւան պետությունների դրամով։ Սակայն պետության ազգային արժույթ է հռչակվել չինական յուանը։ Հենց Չինաստանն էլ այս երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է։

Հիմա մեզ դնենք շարքային զիմբաբվեցու տեղը։ Բայց արժե՞ որ։ Բռնապետները, ինչպես սերը, տարբեր ուժգնությամբ, սակայն նույն ավերածություններն են գործում մարդու հոգում։ Նրանց նպատակը չմեռնելն է։ Գոնե իշխանության ղեկին։ Իշխանության հանդեպ սերն ազատ է նրանց հոգիներում գործելու ավերածություններ։ Հետո դրանք տարածվում են պետության վրա։ Հետո մեռնում են կամ մեկը, կամ մյուսը։  

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին համոզել է դատարանին, որ նախկին կինը ալիմենտի կարիք չունի’
Հաջորդ հոդվածը‘Հարիրին Ֆրանսիա կմեկնի առանց ընտանիքի’