‘Արսեն Գրիգորյան. Շախմատիստը’

7322

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում՝ ի՞նչ պարտադիր է առաջին նախագահի գոյությունը դիտարկել հաջորդ երկու նախագահների գոյության հետ համեմատելով:

Նա անսխալական չի եղել, բայց եթե սխալվել է, ապա՝ ինչպես կսխալվեր մարդը:

Սակայն առաջին նախագահն ունի մի հատկություն, որ չունեն մյուս երկուսը՝ նա ստեղծագործող է քաղաքականության մեջ: Նա զոհեր չունի, նա ուրիշների կյանքի հետ գործ չունի: Մի առիթով նա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի մեթոդների մասին ասել է՝ մենք շախմատի կանոններով  ենք խաղում, նրանք՝ քիգբոքսինգի:

Շախմատում «սպանվողները» շատ են, սակայն դա մարդուն չի վերաբերում, դա կոմբինացիաների բնական հետեւանքն է:

Շախմատը դաժան խաղ է պատվախնդիրի համար, սակայն հաճույք է ստեղծագործողի համար:

Շախմատիստը ձեռքի տակ ունի գործիքներ՝ հանձին խաղաքարերի, որոնցով ստեղծում է իրավիճակներ: Մարդը այդ իրավիճակները մարմնավորելու ծարավից է ստեղծել շախմատը: Հաղթում է նա, ով թույլ չի տալիս, որ շախմատը հաղթի իրեն:

Հաղթում է նա, ով վերստին ստեղծում  է շախմատը: Այսինքն, ստեղծում է հաջորդ խաղացողին, հաջորդ իրավիճակը: Հաղթում է նա, առանց որի այլեւս հաղթանակի սանդղակ չկա:

Առաջին նախագահն ունի մրցակիցներ, եւ ոչ թե թշնամիներ: Ահա ինչու նա Թուրքիային չի ընկալում իբրեւ թշնամի: Եվ պետք էլ չէ, որ ընկալի:

Շախմատիստը կանխատեսելի չէ, եթե նա հանճար է: Որովհետեւ բացի նրանից, որ շախմատը, որպես խաղ, արդեն կա, նա ստեղծում է շախմատը:

Ցանկացած շախմատիստ իր կոմբինացիաների արժանապատվությունն է, հետեւաբար՝ ինքը պատասխանատու է իր քայլերի համար: Որովհետեւ դրանք քայլեր չեն, այլ՝ տեսիլքների շնորհանդես: Մարդիկ հետո են գալիս, երբ այդ տեսիլքների լույսը հասնում է իրենց:

Իսկական շախմատիստը մրցակից չունի: Որովհետեւ ինքն է թելադրում խաղը, իրենն է քարերի դասավորությունը, նույնիսկ եթե դիմացի ձեռքն իրենը չէ:

Այդպես է քաղաքականության մեջ: Քաղաքականությունը քաղաքականություն է, եթե ինքդ ես ստեղծում այն: Քեզ շատ քայլեր կպարտադրեն, դրանցից մի քանիսը կենթադրեն, որ դու հակաքայլի հնարավորություն չունես, կամ քո մասին կասեն, որ արդեն ծնկի ես եկել, բայց դու ի վերջո հաղթում ես, որովհետեեւ դու ամբողջ խաղը տեսել ես սկզբից, եւ այնտեղ կա ե՛ւ հակաքայլի բացակայությունը, ե՛ւ ծնկի գալը: Ինքդ ես այդպես կառուցել խաղը, ինքդ ես ստեղծել քո շախմատը:

Շախմատ կարելի է խաղալ նույնիսկ բռնցքամարտի ձեռնոցներ հագած, բասկետբոլի գնդակը մյուս ձեռքին, դահուկները ոտքերին, Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդի պաշտպանիչ գլխարկով: Կարելի է խաղալ առյուծի ձագին գրկած: Նախասիրության հարց է: Բայց խաղացողը գլուխն է, ինքը խաղում է այնպես, ինչպես պոետը գրում է ստիխը:

Որտե՞ղ էր երկրորդ նախագահի շախմատը: Ընդհանրապես, որտե՞ղ է շախմատը, եթե առաջին պլանում ոչ թե միտքն է, այլ արյունահեղությունը: Շախմատիստ լինելու համար նվազագույնը Մարդ է պետք: Քաղաքակրթությունը շախմատիստի այլ օրինակ չունի: Նույնիսկ դեռեւս մարդու մտքով չանցած կոմբինացիաներով հարուստ գերհզոր համակարգիչը շախմատիստ չէ առանց մարդու:

Այնպես որ, համեմատելու համար գոնե մարդու հետ համեմատեք:

Նախորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. Իսկ «Մադրիդյան սկզբունքները» բանակցողները դեռ Արցախի հերո՞ս են’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք է առաջադրվել Վաչագան Ղազարյանի կնոջը’