‘Հարութ Ուլոյան. Իսկ «Մադրիդյան սկզբունքները» բանակցողները դեռ Արցախի հերո՞ս են’

8393

2007-2017թթ. Արցախի վարչապետի, 2017-2018թթ. պետնախարարի, 2018թ. Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությանյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, 2005թվականից Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը և Արցախի ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը զբաղեցնում է Արցախի ԱԺ փոխնախագահի պաշտոնը, պարզ ասած` Արցախի իշխանությունները մի քանի օր առաջ Արցախում հանրահավաք են կազմակերպել, որի ժամանակ հանրահավաքի կազմակերպիչները «դեմ են արտահայտվել ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ մտքերին»: Հայտարարվել է, որ իրենք «դեմ են Մադրիդյան սկզբունքներին», որ «բանակցային գործընթացը պետք է տարվի Արցախի Սահմանադրությանը համահունչ», և որ «չունենք գրավված տարածքներ, ունենք ազատագրված հողեր, որոնք ամրագրված են ԱՀ Սահմանադրությամբ»: Հանրահավաքն ուղեկցվել է «Ոչ մի թիզ թշնամուն» և «Հող տվողներին դուրս հայրենիքից» կարգախոսներով: Ուշագրավ է, որ այս ամենի ներքո հանրահավաքում հնչել են նաև այնպիսի մտքեր, ինչպիսք են` «Խաղաղ գործընթացի այլընտրանքը պատերազմն է» և «Հող տանք, բայց ինչի՞ դիմաց» մտքերը:

Վերը թվարկված բոլոր կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները տարիներ շարունակ զբաղեցրել են Արցախի բարձրագույն պետական պաշտոններ և այժմ էլ շարունակում են զբաղեցնել: Իրենց կողմից անընդունելի «Մադրիդյան սկզբունքները» բանակցվել ու ընդունվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության և Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք` 2007թ.: Հետագայում Սարգսյանը բանակցությունները շարունակել է  նույն «սկզբունքների» հիման վրա, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնել են ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներն ու գերտերությունների ղեկավարները, այլև` Հայաստանի իշխանություններն ու անձամբ Սարգսյանը:

Նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող և ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքների (բացի Լաչինի միջանցքից) հնարավոր վերադարձի մասին բացահայտ խոսել է ինչպես Սարգսյանը, այնպես էլ Քոչարյանը: Չնայած այս ամենին, ներկայիս հանրահավաք կազմակերպողները երբեք դեմ չեն արտահայտվել ոչ Քոչարյանի, ոչ էլ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, երբեք չեն քննադատել նրանց, երբեք հանրահավաք չեն կազմակերպել` նրանց  որդեգրած քաղաքականության դեմ: Ու հիմա, «հանկարծ», այդ մարդիկ հիշել են, որ Արցախի հարց գոյություն ունի, կամ որ այդ հարցի շուրջ կարելի է դիրքորոշում կամ անհամաձայնություն հայտնել:

Մի պահ պատկերցանենք, որ այդ մարդիկ ոչ թե իրենց կամքով են բազմել իրենց պաշտոններին, այլ Քոչարյանն ու Սարգսյանն են նրանց բռնի ուժով նստեցրել այդ պաշտոններին, և այդ իսկ պատճառով նրանք «լեզու» չեն ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու: Ենթադրենք: Բայց եթե հիմա նրանց «լեզուն» բացվել է, այդ դեպքում նրանք ո՞ւմ են ներկայացնում իրենց պահանջներն ու դիրքորոշումները: Երբ մերժում են «Մադրիդյան սկզբունքները», այդ մերժումն ո՞ւմ է ուղղված. Քոչարյանի՞ն, Սարգսյանի՞ն, թե՞ Փաշինյանին են ցանկանում ինչ-որ բան հասկացնել: Եթե Փաշինյանին են ցանկանում ինչ-որ բան հասկացնել, ապա «Մադրիդյան» փաստաթուղթը Փաշինյանի հետ ի՞նչ կապ ունի: Իսկ եթե նրանց բողոքն ուղղված է Քոչարյանի և Սարգսյանի կողմից այս տարիների ընթացքում իրականացված քաղաքականության դեմ, ապա ինչո՞ւ իրերն իրենց անունով չեն կոչում: Բացի այդ, եթե նրանց ներկայիս վարքագիծն իրապես թելադրված է «իրավիճակի փոփոխմամբ», ապա նրանք ի՞նչ գործ ունեն իրենց զբաղեցրած պաշտոններում: Թող հոժարակամ հրաժարական տան, ապա նոր դիրքորոշում հայտնեն: Սակայն այդ քայլը նույնպես նրանց չի փրկի նախկինում իրենց կրավորական վարքագծի և ներկայումս իրենց իսկ կողմից առաջ քաշվող մեղադրանքների պատասխանատվությունից:

Այդ մարդկանց ներկայիս դիրքորոշումը, մեղմ ասած, տարակուսելի է մեկ այլ առումով: Եթե նրանք խոսում են Արցախի դիրքորոշման մասին, այն մասին, որ «Մադրիդյան» փաստաթուղթն անընդունելի է, քանի որ այն չի բանակցվել Արցախի հետ, և այդ իսկ պատճառով փաստաթղթում տեղ են գտել Արցախի համար անընդունելի ձևակերպումներ, ապա ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ 1998թ. նոյեմբերին, Քոչարյանի նախագահության օրոք, երբ Արցախը դեռևս հանդիսանում էր բանակցությունների կողմ, Մինսկի խումբն ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Արցախի (ի դեպ` վերջին անգամ) դատին է ներկայացրել Արցախի հարցի լուծման, այսպես կոչված՝ «Ընդհանուր պետություն» փաստաթուղթը, որին և՛ Հայաստանը, և՛ Արցախը պաշտոնապես համաձայնություն են տվել՝ ընդունելով այն որպես բանակցությունների հիմք: Այդ փաստաթղթով սահմանվում էր, որ Արցախն ու Ադրբեջանը միասին կազմավորում են «ընդհանուր պետություն»: Այսինքն, ըստ էության, Արցախը, ինքնավար մարզի կարգավիճակով, դառնալու էր Ադրբեջանի անբաժան մասը: Ավելին, Արցախի սահմանները, այնուամենայնիվ, համապատասխանեցվելու էին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններին, վերանում էր Լաչինի միջանցք հասկացությունը, իսկ Արցախի քաղաքացիներն էլ ունենալու էին Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Հայաստանում ղարաբաղյան կարգավորման թիմում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, իսկ Արցախում՝ Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը։ Հարկ է նշել նաև, որ «Ընդհանուր պետություն»-ն առ այսօր միակ կարգավորման ծրագիրն է, որի տակ առկա են և՛ Հայաստանի, և՛ Արցախի համաձայնությունը հավաստող ստորագրությունները։ Հիմա այս ամենը ժամանակին որպես բանակցությունների հիմք ընդունողները կամ հիմք ընդունողներին չքննադատողներն այժմ ինչպե՞ս կարող են խոսել Արցախի անունից կամ Արցախի շահերից:

***

Ինչպե՞ս կարելի է, մի կողմից, հայտարարել` «Ոչ մի թիզ թշնամուն» և «Հող տվողներին դուրս հայրենիքից», իսկ մյուս կողմից՝ պնդել, թե «Խաղաղ գործընթացի այլընտրանքը պատերազմն է» կամ «Հող տանք, բայց ինչի՞ դիմաց»: Եթե «Հող տանք, բայց ինչի՞ դիմաց» հարցապնդում է արվում, ապա ո՞ւր մնացին «Ոչ մի թիզ թշնամուն» և «Հող տվողներին դուրս հայրենիքից» դոգմատիկ դիրքորոշումները: Եթե «հող տալը» պայմանավորվում է ինչ-որ իրավիճակով, այսինքն` չի մերժվում ինչ-որ, թեկուզ վերացական իրավիճակ, երբ «հող տալը» հնարավոր է համարվում, ապա «Ոչ մի թիզ թշնամուն» և «Հող տվողներին դուրս հայրենիքից» կարգախոսները ոչ միայն բովանդակազրկվում են, այլև կասկածի տակ է առնվում այդ կարգախոսների հեղինակների բարոյականությունը: Եթե այդ մարդիկ բարոյական կերպարներ են, թող բացահայտ հայտարարեն, թե որ դեպքում են դեմ «հող տալուն», և որ դեպքում են կողմ «հող տալուն»:

Ի դեպ, այնպիսի մարդիկ են թմբկահարում «Ոչ մի թիզ թշնամուն», «Հող տվողներին դուրս հայրենիքից», «Արցախի Սահմանադրությամբ ամրագրված հողեր» մտքերը, որոնք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ 800 հա կորցված հողը Սերժ Սարգսյանի կողմից մեկնաբանվում էր որպես «ոչ պիտանի հող», զբաղեցնելով բարձրագույն պետական պաշտոններ, ուղղակի լռում էին: Հիմա էլ բարձրաձայնում են՝ զբաղեցնելով նույն պաշտոնները…

 

***

Հաշվի առնելով ներկայումս որոշ շրջանակների և նրանց ֆեյքերի կողմից Արցախի հարցի անհարկի շահարկումները, Արցախում տեղի ունեցող «անհասկանալի» իրադարձությունները, ՀՀԿ-ի կողմից Քոչարյանի գործի վերաբերյալ հայտարարությունը, որտեղ նրանք Քոչարյանի կալանավումը կապում էին Արցախի հարցի հետ, ներկայիս հակահեղափոխական ուժերը, այնպես, ինչպես 1998թ. տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ, կոնկրետ գործողություններ են իրականացնում` Արցախի հարցն ամեն գնով խաղաքարտ դարձնելու և Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելու նպատակով: Ավելին, այդ խաղաքարտը փորձ է արվում օգտագործել նաև արտաքին աշխարհում: Սակայն ինչպես 1998թ. իրադարձությունները մեկնաբանելիս, այնպես էլ հիմա, պետք է հստակ գիտակցել, որ «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ է»:

Հ.Գ. Պարոնայք «Մադրիդյան սկզբունքները» չընդունողներ, իսկ «Մադրիդյան սկզբունքները» բանակցողները դեռ Արցախի հերո՞ս են:

 

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Փաստաբանին հարիր չէ ձեր սպառնալիքը, պարոն Ալումյան’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Շախմատիստը’