‘Արսեն Գրիգորյան. Պատմության մեջ հերթապահողը’

5482

Երեկ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հերթական «կարապի երգով»: Այս մարդը «երգում» է, հենց զգում է կալանավորման վտանգը: Այդ իմաստով «մարգարե» է: Փոքրիկ խնդիր է սոսկ այն, թե ինչ է «երգում»:

Երեկ, օրինակ, նա ասել է, որ «այս իշխանություններն ընկել են իմ հետեւից, որովհետեւ թույլ չեմ տվել 2008-ի մարտի 1-ին հասնել հաջողության»: Հասկացա՞ք: «Թույլ չեմ տվել»: Կարիք կա՞, որ մեղադրող կողմը նոր փաստերի հետեւից ընկնի: Նույնիսկ եղած փաստերն են ավելորդ: Այս մի խոստովանությունը ամեն ինչ տեղն է դնում: Նախ՝ դու ո՞վ ես, որ թույլ չտաս: Երկրորդ, ի՞նչը թույլ չես տվել: Ի՞նչ հաջողության մասին է խոսքը: Ընդդիմությունն ընդամենը պահանջում էր չեղարկել նախագահի կեղծված ընտրությունները: Ինչպե՞ս պիտի դա պահանջեր՝ դատարաններո՞վ: Հենց ձեր դատարաններով էլ պահանջում էր եւ դիմել էր  ՍԴ՝ մնալով բացառապես օրինականության սահմաններում եւ իրավականության գործընթացների մեջ: Բայց դուք հենց դրանից էիք սարսափում, դրա համար էլ ավտոմատների օգնությամբ ամեն ինչ արեցիք՝ թույլ չտալու համար, որ ՍԴ-ն քննի գործը նորմալ պայմաններում:

Ինչքան անպատասխանատու կարելի է լինել՝ ժողովրդի հույսերի մասին խոսելիս ասելու՝ այս իշխանություններն ընկել են իմ հետեւից, որովհետեւ թույլ չեմ տվել 2008-ի մարտի 1-ին հասնել հաջողության: Վերջին 20 տարում գոնե կես նախադասությամբ խոսե՞լ եք որեւէ ընտրության կեղծված լինելու մասին: «Թույլ չեմ տվել» արտահայտությունն ինքնին հրեշավոր է, նախ, նրանով, թե դուք ի՞նչ գործ ունեք մարդու հանրահավաք անելու խաղաղ իրավունքի հետ, երկրորդ, հրեշավոր է, եթե հիշենք, որ թույլ չտալու արդյունքը 10 զոհն էր:

Մարդ ինչքան մահապարտ պիտի լինի տրամաբանության մեջ: Բա հենց դրա համար են ձեզ մեղադրում, պարոն երկրորդ նախագահ: Դուք ասում եք, թե պատմության մեջ մնալու եք Հյուսիսային պողոտայով: Չէ, ինձ թվում է՝ ձեզ բանտն էլ չի փրկի: Որովհետեւ ձեզ համար մարդը արժեք չէ: Հյուսիսային պողոտայի գործով Եվրադատարանի վճիռներից ոչ մեկին ծանոթ չե՞ք: Պետությունը միլիոնների հասնող դոլարներ է վճարում մինչեւ հիմա հանրային շահի անվան տակ իրենց տներից դուրս շպրտվածների գործերով: Ախր, էս մասին հազարից ավելի անգամ է խոսվել, ասվել եւ գրվել: Հասկանու՞մ եք, կողմնակի ոչ մի խոսք ձեզ համար արժեք չի ունեցել, ինչու՞ պիտի ձեր խոսքը արժեք ունենա: Մինչեւ հիմա չեք ընդունում, որ մարտի 1-ը արդյունք էր այն հրամանների, որոնք տրվել են փետրվարի 23-ի հանրահայտ հավաքի արդյունքում: Թող դրանց մեջ սպանության հրաման չլինի: Բայց դրա արդյունք են, ուզեք, թե չուզեք: Դուք երբեք մարդու հետ հաշվի չեք նստել:

Դուք մեկ լրագրողի հետ եք խոսում, որը հակընդդեմ ոչ մի հարց չունի ձեզ, որովհետեւ այդպես է պայմանը, որովհետեւ այդպես է խաղի կանոնը: Դուք չեք ուզում զոհերի համար պատասխան տալ, թեպետ հաստատ առաջինն եք, որը գիտի պատասխանատուներին: Մենք հո տեսել ենք, թե դեմքի ինչպիսի արտահայտություն եք ունեցել հոկտեմբերի 27-ից հետո, լսել ենք, թե ինչպես եք արձագանքել Պողոս Պողոսյանի սպանությանը: Ձեզ համար ամբողջ հայ ժողովուրդն է Պողոս Պողոսյան՝ այն տարբրությամբ, որ դեռ մեռած չէ: Պատմության մեջ Կիմ Չեն Ինն էլ է մնալու: Իսկ դու հերթապահելու ես պատմության մեջ: Այնպես մի արեք, որ պատմությունը ձեր փոխարեն գրի ճշմարտություններ: Նրա էջերում ամեն ինչ ավելի խիտ ու դաժան է լինելու:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ԱԳՆ. ԵԽԽՎ որոշումն անհարկի զիջում է Մոսկվային’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի դատախազությունը հաստատել է Ատամբաևի անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը’