‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանը ձի է ուզում’

8247

Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը տապալվեց։ Լրագրողները տխրեցին, հասարակությունն ուրախացավ։ Որովհետեւ ասուլիսից հաստատ մեղքերի թողության սպասելիքներ չուներ։

Ես կգերադասեի, որ ասուլիսը տեղի ունենար։ Համենայնդեպս, այդ մարդն իր ոտքով գալիս էր այն խավի մոտ, որին արհամարհել էր։ Այդ մարդու ցանկացած խոսք կարող էր լինել վերջինը։ Կարող էր լինել ցուցմունք, հաշվետվություն։ Ինքն, իհարկե, այլ հաշվարկներ ուներ։ Ինքը նման չէ մարդու, որը հասկանում է նոր իրավիճակը։

Հակահեղափոխությունը միշտ վերադարձ է դեպի քաղքենին։ Բայց ինքն ուզում է հասկացված լինել։ Ասուլիսից հետո նրա կողմնակիցների արձագանքը, թե ովքեր էին տապալողների մեջ, ագրեսիա էր բանականության դեմ։ Դիցուք, ի՞նչն է գիրք գրողին խանգարում հրապարակախոսության ժանրում փորձել տեղ հասցնել իր խոսքը։ Թե, այնուամենայնիվ, գիտի՝ լուրջ ընդունողն ո՞վ է։

Գուցե ուզում է հայտարարել, որ չի՞ հեռացել քաղաքականությունից։ Սաֆարիի սարսափը նույնիսկ Ֆեյսբուքի էջ չունի։ Եվ, այնուամենայնիվ, նրա ինչի՞ն էր պետք ասուլիսը։ Մեղադրանքի բնու՞յթն է խոսեցնում այդ մարդուն։ Թող լինի մեղադրանքի բնույթը։ Բայց Ռոբերտ Քոչարյանն օդ ու ջրի պես կարիք ունի ինչ-որ մտքեր եւ սպառնալիքներ լսեցնելու իր այն կողմնակիցներին, որոնք իրեն մենակ են թողել։ Իհարկե, դա կարող է անել մի փոքրիկ հարցազրույցով։ Լրագրողները, սակայն, այլ շքեղություն են։

Ինքը բոլորին պետք է ցույց տար, թե ինչքան սպասված կերպար է հասարակությունում։ Մինչդեռ լրագրողներից բացի նրան սպասում էին հարյուրավոր մարդիկ, որոնք պիտի հիշեցնեին, որ քաղաքական ոչ մի խաղադրույք պարոն Քոչարյանին չի վերակենդանացնի։ Խոսքի իրավունք ունեն բոլորը։ Բոլորն ունեն չհասկացվելու իրավունք։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի պարագան այլ է։ Նա ինքը հասկանալի չէ։ Մարտի 1-ից 10 տարի հետո նա դեռ չի հասկացել, որ իր օրոք Սահմանադրություն չի գործել, էդ պատճառով ինքը ձիու վրա էր։

Հիմա Սահմանադրություն կա, իսկ ձին չկա։ Ինչ-որ մեկը սա նրան պետք է հասկացնի։ Նրան չի բավարարում իր փաստաբանների աշխատանքը, դատավորի հանցավոր որոշումը, որով նա բանտում չէ, նա դարձյալ ուզում է լինել ձիու վրա՝ հընթացս մեղադրելով բոլորին, որոնք իր իշխանության առաջին օրից պահանջել են, որ առաջնորդվի ոչ թե ձիով, այլ՝ Սահմանադրությամբ։ Այդ մարդու ներսում խաղաղություն չկա, բզբզալու հակում ունի։ Այս մարդուց մղձավանջ է բուրում։ Մարդիկ իր գոյության դաշտում միացնում են դիմադրողականության զգացումը, որպեսզի որեւէ փորձանքի չգան։ Եվ նա ասելիք ունի։ Ու դա լավ է։ Նա անպայման կասի իր ասելիքը՝ ինքնուրույն չեզոքացնելով քաղաքական հալածյալի լուսապսակը։

Բայց հակահեղափոխության մասին թող մոռանա։ Ձիու մասին թող մոռանա։

Նախորդ հոդվածը‘Արմեն Սարգսյանը հետ է կանչել Օլեգ Եսայանին’
Հաջորդ հոդվածը‘Կայսր Ակիհիտոն զղջում է Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի գործողությունների համար’