‘Արտագաղթի պատճառը գաղջ մթնՈԼՈԼորտների հեղինակներն են ‘

1955

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ ցնցող հայտարարություն է արել արտագաղթի վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ արտագաղթի մասին հարցին՝ վերջինս հայտարարել է, թե «Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղից կա արտագաղթ», եւ որ «անցումային փուլում գտնվող այնպիսի երկիր չկա, որտեղից չլինի արտագաղթ»: Ապա Սարգսյանը հավելել է, թե «ամբողջ խնդիրն այն է, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում այդ արտագաթը կանխելու համար»: Բնականաբար, այս հայտարարությունից հետո Սարգսյանն ասել է, թե, իհարկե, այս հարցում մեծ է իշխանության պատասխանատվությունը, բայց պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ ընդդիմությունը,  որը չի կարող «ղրաղ» քաշվել այդ խնդրից, քանի որ, ըստ նրա, երբ ժողովուրդը չի տեսնում այլընտրանք՝ թողնում-գնում է:

Տիգրան Սարգսյանը, ինչպես հայտնի է, խնդիր ունի արտագաղթի մասին խոսելու հարցում: Դա այն, իր բառերով ասած, «ոլոլորտներից» մեկն է, որի մասին հենց ինքը մի կարծիք է արտահայտում՝ արդյունքում ստացվում է սովորական «բլթոց»: Հասարակությունը դեռ չի մոռացել Սարգսյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա արտագաղթող «կրիտիկական զանգվածի» մասին արտահայտվում էր այսպես. «ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն»: Իհարկե, Թաթա Սիմոնյանի հայտնի համերգից հետո «ոլոլորտների եւ Սեյս Սարսյանի» մասին իր ելույթից հետո՝ Տիգրան Սարգսյանի ամեն մի հայտարարություն կարելի է արդեն անուշադրության մատնել՝ այն կապելով վերջինիս անադեկվատության հետ: Բայց քանի որ վարչապետի համար առաջին «բլթոցն» այդպես էլ դաս չեղավ, եւ նա որոշել է էլի ու էլի շարունակել արտագաղթի թեման, ապա թերեւս արժե մի փոքր թարմացնել մեռելոցապաշտ վարչապետի հիշողությունը:

Այսպես, Տ.Սարգսյանն ասում է, թե «Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղից կա արտագաղթ»: Այո, տեսականորեն՝ Սարգսյանը ճիշտ է ասում: Հայաստանն այդ առումով միակ երկիրը չէ: Բոլոր երկրներից էլ մարդկանց շարժ կա՝ իրենց երկրներից ավելի բարեկեցիկ երկրներ: Բայց Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղից մարդիկ ոչ թե պարզապես արտագաղթում են, այլ՝ տնով-տեղով, ընտանիքով ուղղակի փախչում են: Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ մարդը կարող է ապառիկով օդանավի տոմս գնել՝ երկրից հեռանալու համար: Ու Հայաստանը, այդ առումով, պատահական չէ, որ հայտնվել  է նման եզակի երկրների շարքում: Հայաստանն այդ առումով եզակիներից է, որտեղ իշխանությունները երկրում ապրող քաղաքացիներին չեն դիտարկում որպես քաղաքացի, այլ ընդամենը՝ սովորական ընտրողներ, որոնց ընտրությունների ժամանակ կարելի է «զոռով» կաշառել 5000 դրամով, եւ ապա հինգ տարի շարունակ հետեւողականորեն դատարկել մարդու գրպանը: Հայաստանն այդ եզակի երկրների շարքում է հայտնվել, որովհետեւ կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանի «նայող» են հռչակվել մի անձնավորություն եւ մի քաղաքական ուժ, որոնք երկիրը դիտարկում են իրենց անձնական «զոնայի» շրջանակներում, իսկ իրենց՝ զոն նայող «պախաններ»: 

Տ.Սարգսյանն ասում է, թե «ամբողջ խնդիրն այն է, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում այդ արտագաթը կանխելու համար»: Տեսականորեն՝ ճիշտ է ասում Սարգսյանը: Բայց հարց է առաջանում, իսկ ի՞նչ է այդ նպատակով անում Հայաստանի իշխանությունը: Գործանականում՝ ի՞նչ է անում: Բացարձակապես ոչինչ: Եթե չասենք, որ իրականում կատարվել եւ կատարվում է հակառակը: ՀՀ իշխանությունները ամեն ինչ արել եւ անում են, որպեսզի կամ ՀՀ քաղաքացին թողնի եւ հեռանա, կամ էլ՝ մնա եւ դառնա նրանց հլու-հնազանդ կամակատարը:

Հիմա՝ երրորդ պնդման մասին: Տ.Սարգսյանն ասում է, թե պատասխանատվությունը միայն իշխանությանը չէ, այլ նաեւ ընդդիմությանն է, եւ երբ որ ժողովուրդը չի տեսնում այլընտրանք, թողնում-գնում է: Այստեղ Սարգսյանն, իհարկե, իր սովորույթի համաձայն՝ փորձում է քարոզչական հնարամտություն կիրառել: Իբր, այո, մենք (իշխանություններս) մեղավոր ենք, բայց մենք բոլորս միասին ավելի՛ մեղավոր ենք (իշխանություն, ընդդիմություն, բոլորը, յուրաքանչյուրը եւ այլն): Այստեղ, սակայն, Տ.Սարգսյանի խոսքը «Անասնաֆերմայով» կտրենք եւ հիշեցնենք, որ սա այն դեպքը չէ, երբ բոլորը հավասար են (այսինքն՝ հավասար մեղավոր են), իսկ ոմանք՝ ավելի հավասար են (այսինքն՝ ավելի մեղավոր են): Կա իշխանություն, որը պատասխանատու է երկրում տիրող «գաղջ» մթնոլորտի համար: Եւ հենց այդ իշխանությունն էլ, որը ստեղծել է այդ գաղջ մթնոլորտը, պատասխանատու է արտագաղթի համար, եթե չասենք, որ արտագաղթի հեղինակն է: Իսկ եթե ընդդիմությունը մեղավորություն էլ ունի, ապա միայն մի մեղավորություն: Այն է, որ դեռ չի հաջողացրել իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր երկրում ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որտեղից մարդիկ կամ ընդմիշտ արտագաղթում են, կամ գնում են խոպան, կամ դրսում բիզնես են անում, կամ էլ դառնում են երկքաղաքացի: Ինչպես մեր հերոսի հարազատները: Բայց ոչինչ, դա ընդամենը ժամանակի հարց է: Քադաֆին ու Մուբարաքն էլ էին կարծում, թե հավերժ կմնան իշխանության:  

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘ԳԹԿ-ն հերքում է. Միջադեպեր չեն գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘Մոլորակի ամենատարեց բնակիչ է ճանաչվել ճապոնուհի Միսաո Օկավան’