‘Արտակ Նազարյանի գործով երկու դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան’

900

Բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով Վճռաբեկ դատարան երկու դիմում է ներկայացվել։ Փոխանցում է «Ազատությունը»: Դիմումատուներն են՝ այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար առաջին ատյանի դատարանի կողմից տասը տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը։ 
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը պնդում են, որ թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարաններն այս գործով անօրինական որոշում են կայացրել և պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։ Դեռ գործի նախաքննության փուլում մեղադրվող 5 զինվորներն էլ հայտարարեցին, թե իրենք Նազարյանին  ինքնասպանության չեն հասցրել:  Տուժող կողմն էլ հայտարարեց, թե Նազարյանին դաժանաբար սպանել են, իսկ այս գործով չկա  որևէ ապացույց, որ սպանությունը կատարել են մեղադրյալի աթոռին հայտնված զինվորները։
Վճռաբեկ դատարանից, սակայն, դիմումատուները արդարության ակնկալիք չունեն։
Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանից հետո, ըստ ամենայնի, իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 
Վճռաբեկ դատարան դիմում ներկայացրած թե՛ տուժող, թե՛ պաշտպանական կողմերն իրենց բողոքների հիմքում մատնանշել են այնպիսի հանգամանքներ, որոնք, նրանց կարծիքով, թույլ են տալիս պնդել, որ Նազարյանին ինքնասպանության չեն հասցրել։ Կողմերը պնդում են, որ անցած 3 տարիների ընթացքում դատական մարմինները չկարողացան մի հարցի պատասխան պարզել՝ ով կամ ովքեր են Նազարյանին ծեծել մահվանից մի քանի ժամ առաջ։ Նազարյանի դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ արձանագրվել էին շուրջ 50 մարմնական վնասվածքներ, որոնք պատճառվել են մահվանից վեց ժամ առաջ։ Այս գործով մեղադրվողներն, ըստ քրեական գործի, նման վնասվածքներ չեն հասցրել Նազարյանին։

Հիշեցնենք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ։ Հակոբ Մանուկյանը դատապարտվեց տասը տարվա, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա ազատազրկման: Հարութիկ Կիրակոսյանին դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում, և նա ազատ արձակվեց:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆախարարը հանդիպել է Լե-Պեն-Միրաբոյի հայկական միության պատվիրակությանը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Զինվորները Կառավարության տնտեսական հաջողությունների մասին թվերի կարիքն ունեն’