‘ Արտաշատի քաղաքապետի՝ ընտրակեղծիքի մեջ մեղադրվող որդին արդարացվեց’

1125

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է փետրվարի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Արտաշատի թիվ 17/05 ընտրատեղամասում դիտորդ Նարինե Էսմայիլիի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդուն` Սերգեյ Մուրադյանին, տեղեկացնում է Panorama.am

Սերգեյ Մուրադյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ: Նրա նկատմամ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել դիտորդ Նարինե Էսմայիլիի նկատմամբ: 

Ըստ դատախազության հաստատած մեղադրանքի՝ նախագահական ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Սերգեյ Մուրադյանը այլ անձի փոխարեն քվեարկելու գործով ինքնությունը չպարզված անձին օժանդակելու նպատակով մի խումբ երիտասարդ տղաների հետ ներս է մտել ընտրությունների կապակցությամբ Արտաշատ քաղաքում կազմավորված 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրելով ընտրությանը մասնակցող դիտորդ Նարինե Էսմայիլիի նկատմամբ` բռնել է վերջինիս ձեռքերը, հետ հրել, հպել պատին ու այդ կերպ նրան զրկել է շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից, որպիսի գործողություններով խոչընդոտել է նրա դիտորդական լիազորությունների կատարմանը: 

Բացի այդ, ըստ նույն մեղադրանքի՝ Սերգեյ Գագիկի Մուրադյանը, խոչընդոտելով Նարինե Էսմայիլիի՝ որպես դիտորդի լիազորությունների կատարմանը և այդ կերպ վերացնելով վերջինիս միջամտելու հնարավորությունը, օժանդակել է ինքնությունը չպարզված անձին, ով օգտվելով Սերգեյ Մուրադյանի գործողությունների հետևանքով առաջացած խառնաշփոթ իրավիճակից՝ քվեաթերթիկներ է լցրել քվեատուփ՝ այդ եղանակով քվեարկել այլ անձի փոխարեն:

Դատարանում Սերգեյ Մուրադյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ նախաքննական ցուցմունքներում հայտարարել է, որ Նարինեի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել ու չի խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը:

Ինչ վերաբերում է տուժող Նարինե Էսմայիլիին, ապա նա նախագահական ընտրություններում դիտորդ է եղել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից, իսկ դատաքննությանը չի մասնակցել Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում էլ նշել է, որ ընտրատեղամասում ընտրության օրը շուրջ 30 երիտասարդներ շրջապատել են քվեատուփը, և երբ ինքը մոտեցել է նրանց` հասկանալու` ինչ է կատարվում, Սերգեյ Մուրադյանը բռնել է իր ձեռքերն ու պահանջելով լռել, իրեն հրել և հպել է պատին, դրանով իսկ Սերգեյ Մուրադյանը իրեն զրկել է շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից, այսինքն՝ իրեն խոչընդոտել է իրականացնելու դիտորդի իր լիազորությունների կատարմանը: 

Մի քանի ամիս տևած դատական նիստերում վկաներին լսելուց, այնուհետև քրեական գործի նյութերը ուսումնասիրելուց հետո մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը հայտարարել է Սերգեյ Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչից հետո դատարանն արդարացման վճիռ է կայացրել:

Նախորդ հոդվածը‘Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը հացադուլ է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն, հնարավոր է, ավելի լայնամասշտաբ գործողություններ իրականացնի Սիրիայում’