Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

729

Արդեն երկրորդ օրն է Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված պարենային առանց այն էլ սուղ իրավիճակը հումանիտար փոխադրումների արգելափակման հետևանքով գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում Արցախի 120 000 բնակչության, այդ թվում 30 000 երեխաների, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով չի իրականացվել 102 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց նախապես պլանավորված տեղափոխությունը Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ։ Ամբողջությամբ դադարեցվել է նաև անհրաժեշտ դեղորայքի մատակարարումները՝ լրջագույն խնդիրներ հարուցելով քաղաքացիների և Արցախի բուժհաստատությունների համար։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, հումանիտար փոխադրումների արգելափակումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն գործունեության դիտավորյալ և տևական խափանումը ցուցիչ է այն բանի, որ անգամ հումանիտար բնույթի հարցերը Ադրբեջանն օգտագործում է Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ահաբեկելու, տարբեր պահանջներ առաջ մղելու համար։

Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանն օգտագործում է որպես գործիք Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության և էթնիկ զտման քաղաքականության առաջմղման համար։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան

Նախորդ հոդվածըԱդրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. 2014-ի այս օրը Սամվելը լուռ հեռացավ