Լիզա Ճաղարյան. 2014-ի այս օրը Սամվելը լուռ հեռացավ

1403

Սամվելի հետ 88-ի Շարժումը չէր մտերմացրել. սովետի խորքերից էր մեր ընկերությունը եկել հասել Ազատության հրապարակ։

«Ղարաբաղ» կոմիտեում մյուս հին ընկերս Վանոն էր։

Վանոյի մասին մեծ դժվարությամբ, բայց երբեմն գրել եմ։ Սամվելի մասին` չեմ կարողացել։ Ու մեղքի զգացումից չեմ ազատագրվում իմ այդ անճարության համար։

Իսկ մեղքի զգացում պետք է լիներ ու լինի, որովհետեւ Սամվելն անզուգադրելի ընկեր էր։

Լուռ մարդ էր Սամվելը։ Գուցե դա՞ է պատճառը, որ ինձ չի հաջողվում գրել նրա մասին այն եւ այնպես, ինչը կցանկանայի ու ինչպես կցանկանայի։

Գուցե պատճառն այն էր, որ երբեք չէ՞ր ընդգծում իր կարեւորությունը։

Կամ որ` միշտ ցածր էր խոսում։

Կամ որ` նույնիսկ իր անզուգական սրամտություններն է՞լ էր կիսաձայն պատմում։

Իսկ, ա՛յ, երբ մենք Ազատության հրապարակում բանտված էինք, եւ սովետական տանկերը դղրդյունով պտտվում էին հրապարակի շուրջը, եւ ուզեինք, թե չուզեինք` սարսուռ էր անցնում բոլորիս մարմնով, որքան էլ որ քաջ լինեինք կամ քաջ ձեւանայինք, այդ ժամանակ ցուցարարներիս սրտապնդող Սամվելի ձայնը հարթակից հասնում էր տանկերի հռնդյունից էլ այն կողմ, ու հիմա չեմ հիշում, թե ինչ էր ասում այդ օրը Սամվելը, բայց շոշափելիության աստիճան հիշում եմ, որ կուչ եկած ողնաշարս ձգվեց ու ուղղվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի ելույթից հետո։

Հաճախ, շատ հաճախ է մտքովս անցնում, որ մեղքի զգացումը քո հիշատակի առջեւ միայն ի՛նձ չի, որ տանջում է։

Ազնվագույն ընկերս։

Էլի չկարողացա գրել։

Ներիր։

Նախորդ հոդվածըԱրցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի երկրորդ ապատեղեկատվությունն օրվա ընթացքում