‘Արցախի պետական ու ինքնակառավարման մարմիններում քարոզում են իշխանական կուսակցության օգտին’

1054

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրածքում գործող «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի պետ Վարուժան Գաբրիելյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանին: Նամակով Գաբրիելյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում, ինչպես նաեւ ԿԸՀ գրասենյակում առկա են «Ազատ հայրենիք» կուսակցության քարոզչական պարագաներ:  Գաբրիելյանը առաջարկում է անհապաղ վերացնել օրենսդրության այդ խախտումը:

«Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում օժանդակելու ԿԸՀ-ին՝ իրազեկել ընտրողներին, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին, դատավորներին, դատախազներին, ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին, զինծառայողներին, բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին ու կազմակերպություններին, ընտրական հանձնաժողովների անդամներին, իրենց լիազորություններն իրականացնելիս արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել: Կարծում ենք, որ այդ տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով կնպաստի ընտրությունների ազատ եւ արդար պայմանների ձեւավորմանը», — ասվում է նամակում։

«Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ԼՂՀ գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը: Արցախում հերթական ԱԺ ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդին դիմագրավելու ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (Ուղիղ)’