‘Արցախի ՊՆ-ն Ալխանլուում տեղակայված կրակակետերի մասին տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)’

373

Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որում երեւում է, որ հակառակորդը հայկական դիրքերը հրետակոծում է Ալխանլու բնակավայրից, որտեղ հուլիսի 4-ին հայկական բանակի պատասխան հարվածի հետեւանքով երկու քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա է մահացել:

Արցախի ՊՆ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ երկրում հավատարմագրված դիվանագետներին սահմանամերձ վայրեր տանելով:

«Դեռեւս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է  այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:

Կարեւոր ենք համարում եւս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ եւս լռեցվելու են», — նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաեւ, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Թրամփը հանդիպեցին առաջին անգամ և միմյանց ձեռք սեղմեցին’
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնի դաշնակցական մարզպետը հրաժարական է տվել – News.am’