‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Իրավիճակը սրվել է Զանգեզուրում’

1654

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ, դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես, սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ընթացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

 

1993 հուլիսի 02

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ադրբեջանական կողմի տվյալներով հայկական ուժերը գրավել են 11 գյուղ Ֆիզուլիի շրջանում: Հակառակ դրան, Ռ. Քոչարյանի խոսքերով, այսօր առավոտյան ադրբեջանական օդուժը ռմբակոծել է Հադրութի շրջանի սահմանային վայրերը, եւ ճեղքելով հայկական պաշտպանական դիրքերը՝ գրավել են մի քանի գյուղ Հադրութի շրջանում: Գրավվել է նաեւ Մարտակերտի շրջանի Հատկավենտ գյուղը:

 

1993 հուլիսի 03

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ երեկ հայկական ուժերին հաջողվել է կասեցնել թշնամու հարձակումը Հադրութի շրջանի ուղղությամբ եւ զբաղեցնել պաշտպանական դիրքեր: Հայկական ուժերը գրավել են նաեւ իշխող բարձունքները: Առավոտյան թուրքերը նոր հարձակում են սկսել: Հրետակոծվել են Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերը եւ Լաչինի միջանցքը:

Իրավիճակը սրվել է Զանգեզուրում՝ Գորիսի եւ Մեղրու շրջաններում:

 1993 հուլիսի 04

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ այսօր թշնամին, ճեղքելով հայկական պաշտպանական դիրքերը նոր հարձակում է ձեռնարկել Մարտակերտի, Ասկերանի եւ Հադրութի ուղղությամբ: Հրետակոծվել են Հադրութի շրջանի սահմանակից գյւողերը եւ Լաչինի միջանցքը: Զոհվել է երկու խաղաղ բնակիչ:

 

Շարքի նախորդ նյութերը`1, , 3, 4, 5, 6, 7 , 8

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վահե Հակոբյանը կդառնա Սյունիքի նոր մարզպետ. Շարմազանով ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. ՀՀԿ-ում «գլուխներ չեն թռնելու»’