Արևմուտքը դատապարտում է բելառուսցի ընդդիմադիրների նկատմամբ «դրակոնյան» դատավճիռը

304

Սեպտեմբերի 6-ին Մինսկի դատարանը բելառուսական ընդդիմության առաջնորդներ Մարիա Կոլեսնիկովային և Մաքսիմ Զնակին դատապարտեց համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման։

Արևմտյան առաջնորդները հերթական անգամ դատապարտել են Բելառուսում ծավալված հալածանքները և համարում են, որ դատավճիռը  քաղաքական դրդապատճառներ ունի։

«ԵՄ-ն ափսոսում է մարդու իրավունքների և Բելառուսի ժողովրդի հիմնական ազատությունների նկատմամբ Մինսկի կողմից շարունակվող անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Կոլեսնիկովային և Զնակին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է դատավճիռը՝ այն անվանելով ամոթալի և քաղաքական դրդապատճառներով կայացված վճիռ։

«Այդ դատավճիռը մարդու իրավունքները և Բելառուսի ժողովրդի հիմնական ազատություններն իսպառ արհամարհելու ևս մի ապացույցն է»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր լիակատար աջակցությունն է հայտնել դատապարտված Կոլեսնիկովային և Զնակին և նրանց նկատմամբ կայացված դատավճիռն անվանել է «դրակոնյան»։

«Լեհաստանը պահանջում է առանց պայմանների ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Այդ մարդկանց ազատությունից զրկել են հանուն անկախ և դեմոկրատական Բելառուսի պայքարելու համար»,- իր Twitter-ում բելառուսերեն գրել է Դուդան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Ջոկովիչի հաղթանակն ու 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածըԱհմադ Մասուդը աֆղանացիներին համազգային դիմադրության կոչ է անում