‘Աֆրիկյանների տան ապամոնտաժումը շարունակվում է (ֆոտոշարք, տեսանյութ)’

1265

Մշակույթի նախարարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը: Նշենք նաև, որ Աֆրիկյանների ակումբի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել քաղաքացի:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին Աֆրիկյանների ակումբի տարածքում համերգով հանդես կգա աշխարահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը: Ստորև ներկայացնում ենք «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.

«Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին և ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը և թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»: Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։

Ելնելով վերնշյալից՝ Պահպանենք Աֆրիկյանների տունը  քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը»:

11:33

Նոր հայտնի դարձավ, որ քաղաքացին ոչ թե բերման է ենթարկվել, այլ պարզապես բռնի ուժով հեռացվել է շինարարության վայրից:

 

Նախորդ հոդվածը‘Հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին. Օմբուդսմեն’
Հաջորդ հոդվածը‘Ցուցահանդեսին նախընթաց (ՖՈՏՈՇԱՐՔ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ)’