‘Ա.Մարտիրոսյանի կողմից Լիսկայի անվան հնչեցումից հետո հանրահավաքի էլեկտրաէներգիան անջատել են’

2275

Կապանում ընթացող երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Ելույթ ունեցողներից Ժառանգության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը խոսքը սկսել է հիշատակելով Սյունիքի վերանշանակված մարզպետ Լիսկային: «Հայաստանն իսկապես շատ հետաքրքիր օրեր է ապրում, մենք հակասությունների կծիկ ենք դարձրել, հակասություններն այնքան են խորացել, որ Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ են նշանակել…»: Մարտիրոսյանի այս խոսքերից անմիջապես հետո անջատվել է դեպի հարթակ՝ բարձրախոսներ, մատակարարվող էլեկտրաէներգիան, իսկ այդ ընթացքում ինչ-որ սեւազգեստ տղաներ հանրահավաքին անցկացման վայրին հարակից տարածքում նյարդային շարժումներ էին անում: Ըստ երեւույթին, երիտասարդներին էլ հանրահավաքի վայր էր ուղարկել Լիսկան՝ իր «թասիբը» պաշտպանելու համար:

Սակայն, քանի որ ընդդիմադիրները նախապես կանխատեսել էին, որ հնարավոր են նման միջադեպեր, իրենց հետ նաեւ ժողովրդական լեզվով ասած «դվիժոկ» էին տարել, եւ որոշ ժամանակ անց ընդդիմադիրները նորից հնարավորություն ունեցան ելույթ ունենալ:

Շարունակելով իր խոսքը՝ Մարտիրոսյանը ասաց. «Մենք չենք ուզում, որ իշխանությունները ընտրություններից առաջ գան խաբեն, ասեն՝ գազը չի թանկանալու, ԵՄ-ի հետ պայմանագիր ենք ստորագրելու, իսկ ընտրություններից հետո ասեն՝ գազի պարտք ունեք, արտաքին գործընկերներին էլ ասեն՝ ցտեսություն»:

«Այսօր իշխանություններին որեւէ կերպ նշանակություն չեն տալիս դրսում: Մենք այսօր այլ ճանապարհ չունենք, քան իրականացնել իշխանափոխություն: Մենք միասին ճանապարհ ենք գնում եւ ընդդիմադիր ուժերով շարժվում ենք առաջ, բայց ոչինչ չենք կարող անել միայնակ, եթե ձեր մասնակցությունը թուլանա»,- նշեց Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Մաթևոսյան. Քաղաքական ուժերի միասնությունն ի զորու է Ս.Սարգսյանին հեռացնել իշխանությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Հնարավոր է արտահերթ ընտրություններ պարտադրել’