‘Դավիթ Մաթևոսյան. Քաղաքական ուժերի միասնությունն ի զորու է Ս.Սարգսյանին հեռացնել իշխանությունից (տեսանյութ)’

2767

Կապանում մեկնարկած ընդդիմադիր եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Դավիթ Մաթևոսյանը:

«Գորիսում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ իր սիրելի հենարան ՀՀԿ-ի գործունեության շարժիչ ուժը կրիմինալն է եւ Հայաստանում ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, դատարաններն ու դատախազությունը սպասարկում են կրիմինալի շահերը, և իր իշխանությունը երկարացնելու նպատակով նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը պետք է անցկացնի կրիմինալի աջակցությամբ: Շանթ Հարությունյանի Ազատության հրապարակում ծավալած գործողությունների բնույթը հետևյալն էր՝ մենք ուզում ենք արժանապատվորեն ապրել, հնարավոր չէ Հայաստանում ապրել արժանապատվորեն և դրա համար պետք է Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: 

Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժերի միասնությունն ի զորու է լուծել այդ խնդիրները: Դրա համար ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մասնակցի իմ ամբողջ շրջապատը: Եթե ձեզանից յուրաքանչյուրն այսպես վարվի և Ազատության հրապարակում ապահովի բազմամարդ հենարան, ապա հավատացնում եմ ձեզ՝ հաշված օրերի ընթացքում կկանխվեն սահմանադրական փոփոխությունները՝ Սերժ Սարգսյանի հեռացման ճանապարհով»,- իր ելույթում ասաց Դավիթ Մաթևոսյանը:

Նախորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերի այսօրվա հանրահավաքը՝ Սիսիանում և Կապանում’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մարտիրոսյանի կողմից Լիսկայի անվան հնչեցումից հետո հանրահավաքի էլեկտրաէներգիան անջատել են’