‘Ա. Մուսինյան. Հասարակությանը սպառնացող ոստիկանապետը պետք է պատասխանատվություն կրի’

1468

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները Արզնիում անարգանք էին գործող Սահմանադրության, օրենքների, բոլոր հնարավոր նորմերի նկատմամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ  շաբաթ օրը Արզնիում կայացած ոստիկանության վարժանքներից հետո ոստիկանապետը հայտարարել էր, թե «թեժ աշնան համար  սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»: 

«Եթե դրանով նրանք փորձել են վախեցնել հասարակությանը փողոց դուրս գալու հեռանկարից, ապա պետք է ասեմ, որ նրանք չարաչար սխալվում են: Ժողովուրդը երբեք չի վախեցել փողոց դուրս գալ: Սա` մեկ, երկրորդ՝ ժողովուրդը գիտի եւ տեսել է, որ իրեն հրապարակ բերող քաղաքական ուժերը երբեք չեն շեղվել ժողովրդավարության ուղուց եւ իրենց քաղաքական բողոքն արտահայտել են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում», — iLur.am-ի խնդրանքով Գասպարյանի հայտարարությունը մեկնաբանեց Մուսինյանը:

Նրա խոսքով,  այս  սպառնալիքները շատ ավելի մատնում են վարչախմբի վախը եւ խուճապային տրամադրությունները, քան կարող են որեւէ ազդեցություն ունենալ հասարակական զանգվածների վրա:

Բացի դրանից, ըստ Մուսինյանի՝ ոստիկանապետն իր հայտարարություններով մի շարք խոստովանություններ է արել:

«Նախ, որ Մարտի 1-ին նրա ղեկավարած կառույցը ներգրավված է եղել որոշ գործընթացների մեջ (Գասպարյանի ասելով՝ զբաղված է եղել կառավարության շենքի պահպանությամբ), ինչը նշանակում է, որ ԶՈւ կառույցները ներգրավված են եղել քաղաքական գործընթացներին: Երկրորդ՝ սպառնալիքներ հնչեցնելով, Գասպարյանը, ըստ էության, հայտարարել է, որ քաղաքական կողմնորոշում ունի, այնինչ նրա միակ պարտականությունը պետք է լինի հասարակական կարգի եւ օրինականության պաշտպանությունը», — նշեց Կոնգրեսի խոսնակը:

Նրա խոսքով՝ ցանկացած ոստիկան, որը կկատարի իր պարտականությունները, միայն կողջունվի,  Հայ ազգային Կոնգրեսը եւ գործընկեր կուսակցությունները օրենքի որեւէ խախտում չեն թույլ տալու իրենց հրապարակային գործողություններում:

Արման Մուսինյանի խոսքով՝ այս սպառնալիքով Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորություները:

«Կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերը կփորձեն խորհրդարանում բարձրացնել նրա պատասխանատվության, հրաժարականի հարցը», — եզրափակեց նա:  

Նախորդ հոդվածը‘Դատական հայց ընդդեմ «Առավոտ» և «Փաստինֆո» լրատվամիջոցների. փաստաբանները պաշտպանություն են հայցում վստահորդի անձնական կյանքի գաղտնիությունը ոտնահարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները’