‘Բաբուխանյան. Սերժ Սարգսյանը կարող է մեղա գալ, բայց ես նրան երբեք չեմ պաշտպանի ‘

1424

Այսօր Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ խմբակցությունում է եւ կրծքով պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է փոխվել մեր երկրում վերջին տարիներին: Ըստ նույն Բաբուխանյանի տրամաբանության` կամ ՀՀԿ-ն այլեւս կրիմինալ չէ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կամ էլ` Հայկ Բաբուխանյանն է կրիմինալ դարձել: Հետեւություններ եւ եզրահանգումներ կարող է անել յուրաքանչյուր ոք` ծանոթանալով Հայկ Բաբուխանյանի մտքերին:

Ահա մի հրապարակում մամուլից:

«Կրիմինալ-օլիգարխիկ համակարգը վերջնականապես ձեւավորվել է` Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցություն մուտք գործելով: Նրա այդ քայլով խախտվել են սահմանադրության մի շարք կետեր»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը, բացատրելով, որ իրենց համար ջրբաժանը չի անցնում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ճամբարների միջով, այլ անցնում է կրիմինալի եւ հակակրիմինալի միջով:

Հայկ Բաբուխանյանի կանխատեսմամբ, շուտով մեղայականների գործընթաց կսկսվի քաղաքական ողջ դաշտում: Շատերը պետք է ապաշխարեն ազգի, երկրի, այն մարդկանց դեմ, ովքեր ստիպված լքել են երկիրը, այն մարդկանց դեմ, ովքեր կիսասոված վիճակում ամաչել են ՀՀ քաղաքացի ներկայանալ, ովքեր 3-րդ, 4-րդ տեսակի մարդ են դարձել այլ երկրներում…

Հարցին, որ եթե Սերժ Սարգսյանն էլ մեղա գա եւ առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, կպաշտպանեք նրան, հարցին Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը կարող է մեղա գալ, առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւս կարող է, բայց ես երբեք նրան չեմ պաշտպանի»:

«Իրավունք» սեպտեմբեր 26-28 2006թ.

    

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր. թիմերի գործակիցները’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում պաշտոնյաները հաշվետվություն կներկայացնեն գործուղումների մասին ‘