‘Բակո Սահակյանն ընդունել է շվեյցարացի խորհրդարանականներին ‘

1016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը iLur.am-ին տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում:

Նա ընդգծել է, որ Արցախի հանրապետությունը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարեւորելով խորհրդարանների միջեւ կայուն կապերի եւ գործնական հարաբերությունների հաստատումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի: Երկուստեք կարեւորվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ընդդիմությանը բանակցությունների է հրավիրել ‘
Հաջորդ հոդվածը‘Վրացական ընդդիմությունը հաղթում է համամասնական, իշխանությունը՝ մեծամասնական ընտրապայքարում ‘