‘Բակո Սահակյան. Մեր հիմնական խնդիրներից մեկը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է’

783

Զարգացման ինչպիսի՞ ուղղություններ է որդեգրել Արցախի Հանրապետությունը, ինչպիսի՞ն է սոցիալ-տնտեսական կյանքը, բնակչության ապրելակերպը: Իշխանություններն ի՞նչ քայլեր են իրականացնում երկրում համաչափ զարգացում իրականացնելու համար, ինչպե՞ս է մեղմվում գործազրկության խնդիրը, և բիզնեսի զարգացման տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է Արցախում: Այս և նաև ներքաղաքական, արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ Galatv.am լրագրողը զրուցել է նախագահ Բակո Սահակյանի հետ: Ներկայացնում ենք մի քանի հարցերի պատասխաններ:

-Պարոն Սահակյան, ինչպես գիտենք, այսօր երկրում առաջնային խնդիր համարվում է գործազրկությունը, իշխանությունն այս ընթացքում ի՞նչ քայլեր է ձեռնարկել բնակչության զբաղվածությունն ապահովելու համար:

-Ճիշտ է, այդ ցուցանիշները և գործազուրկների քանակն այնպիսին չէ, որ մենք դիտենք այդ ամենը իբրև ճգնաժամային վիճակ, բայց, այնուամենայնիվ, այս պահին դա մեզ մտահոգող խնդիր է: Պաշտոնական տվյալներով՝ հինգ տոկոս՝ ընդհանուր բնակչության թվի, բայց գտնում ենք, որ իրականում ավելի շատ են: Այն մարմինները, որոնք իրականացնում են այդ աշխատանքները, կարծում եմ՝ ամբողջությամբ չեն արտացոլում իրական վիճակը: Այն գործունեությունը, որն այժմ իրականացնում ենք, ուղղված է նաև գործազրկության խնդրի լուծմանը:

-Այսինքն՝ իշխանությունն ինչի՞ հաշվին է փորձում մեղմել այդ խնդիրը:

Եվ տուրիզմը, և բիզնեսը զարգացնելով. մենք կողմնակից ենք մեր երկրի համաչափ զարգացմանը, և երբ խոսում ենք գյուղատնտեսության զարգացման մասին, դա չի նշանակում, որ բնակչության մեծ մասը պետք է ներգրավված լինի այդ ոլորտում, ամենակարևորը, որ մենք ստեղծենք այն անհրաժեշտ պայմանները, որտեղ մեր քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց կարողությունների համապատասխան ընտրեն այն աշխատանքը, որի միջոցով կառուցեն իրենց կյանքը:

-Խոսվում է այն մասին, որ հարկային քաղաքականությունն Արցախում ավելի մեղմ է, քան, օրինակ, Երևանում և Հայաստանի մարզերում, բայց մյուս կողմից բարձրաձայնվում է, որ այստեղ ևս կան հարկային ճնշումներ փոքր ու միջին ձեռնարկատերերի, գործարարների նկատմամբ, բացի այդ, բիզնեսն ու կոռուպցիան են սերտաճած իշխանություններին…

-Ես չեմ ասում, որ մեզ մոտ իդեալական վիճակ է այդ առումով, բայց բացառված է, որ այդ մարմինները, այսպես ասած, հետապնդում, ճնշում իրականացնեն: Ծանոթացեք այն ցուցանիշներին, որոնք ներկայացնում են հարկային մարմինները, մյուս պետական կառույցները, եթե չլինեին լիբերալ հնարավորությունները, դժվար թե կարողանայինք բիզնես զարգացնել: Վերջին տարիներին մեր տնտեսության զարգացման ցուցանիշները հետևյալն են. տասը տոկոսի սահմաններում ամեն տարի ապահովում ենք տնտեսության զարգացում, ես չեմ կարծում, որ այդպիսի ճնշումներ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի էդպիսի ցուցանիշներ ապահովել: Ես չեմ բացառում նաև, որ կարող են լինել դեպքեր, որ այս կամ այն քաղաքացիները դժգոհություններ հայտնեն, և դա համապատասխանի իրականությանը, բայց դա չի նշանակում, որ ճնշումներ իրականացնելով ենք ապահովում զարգացումը:

-Խոսեցիք տնտեսության ու նաև գյուղատնտեսության առաջընթացների մասին, չե՞ք կարծում, որ կարևոր խնդիր համարվում է նաև հատկապես ազատագրված տարածքներում վերաբնակեցում իրականացնելը: Վերաբնակեցման ծրագիրը դադարեցվե՞լ է:

-Մենք վերանայել ենք այդ ծրագրերը, և մեր հիմնական խնդիրներից մեկը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է, այսօր էլ այդ ուղղությամբ կառավարությունը աշխատանքներ կատարում է: Մենք այդ խնդիրն ունենք, մեզ հաջողվել է վերջին տարիների ընթացքում ինը հազարով ավելացնել Արցախի բնակչությունը, մենք փաստում ենք, որ հաջողվել է որոշակի աշխատանքների արդյունքում ավելացնել Արցախի բնակչությունը, սակայն մենք բավարարված չենք այդ ցուցանիշով: Շարունակելու ենք գումարել հաստատված ծրագրերին նորերը` ակնկալելով, որ դրանք կնպաստեն բնակչության ավելացմանը, կարևոր է, որ այդ ավելացման հետ մենք ունենանք այն անհրաժեշտ պայմանները, որոնք առաջին հերթին վերաբերում են մեր երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:

Հարցազրույցը` Հերմինե Մկրտչյանի

Նախորդ հոդվածը‘Հունիսի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.43 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները’