Բայդեն- Պուտին բանակցությունները կայացել են

516

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դատելով զրույցի վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի արած հայտարարություններից՝ դիտորդները չեն կարծում, թե հանդիպումը որևէ նշանակալի առաջընթաց է բերել երկու երկրների հարաբերւթյուններում։

Տեսակոնֆերանսը, որի մեծ մասն անցել է երես առ երես, տևել է երկու ժամ։

Պուտինը Բայդենի հետ զրուցել է Սոչիի իր առանձնատնից։ Սա երկու նախագահների երրորդ զրույցն էր այս տարի․ հունիսին նրանք հանդիպել էին Ժնևի գագաթնաժողովում, իսկ դրանից մեկ ամիս անց հեռախոսազրույց էին ունեցել։

Բանակցությունների ընթացքում Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկաինայի սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի կուտակումների առնչությամբ, հաղորդել է Սպիտակ տունը։ Նա նաև հայտարարել է, որ պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և  «լիցքաթափման և դիանագիտությանը վերադառնալու» կոչ է արել։

Պուտինն, իր հերթին, հայտարարել է «Կիևի ապակառուցողական վարքագծի» մասին, որն ուղղված է Մինսկի պայմանագրերի և «նորմանդական ձևաչափով» ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար ապամոնտաժմանը, ինչպես նաև նշել է «Դոնբասի դեմ Կիևի սադրիչ գործողությունները»։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքը յուրացնելու վտանգավոր փորձեր է կատարում և մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ։ Պուտինը հերթական անգամ շեշտել է, որ Մոսկվան շահագրգռված է իրավական երաշխիքներ ստանալու, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք և Ռուսաստանի հարևան երկրներում հարվածային հարձակողական սպառազինության տեղակայումը։

Իսկ Բայդենը իր զրուցակցին զգուշացրել է զերծ մնալ հետագա էսկալացիայից ռուս-ուկրաինական սահմանին և նշել է, թե Վաշինգտոնն ինչ քայլեր է պատրաստ անելու ռուսաստանյան ագրեսիայի դեպքում։

Ռուսաստանյան կողմը հերքում է ներխուժման ծրագրերի առկայությունը և հայտարարում, որ սահմանի մոտ զորավարժություններ է անցկացնում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըCovid-19․ Իրավիճակը Եվրոպայում
Հաջորդ հոդվածըԲունդեսթագը հաստատում է Գերմանաիայի նոր կառավարության կազմը