‘«Բանակն իրականում». Ոստիկանությունը կոպտագույն կերպով ոտնահարել է քաղաքացիների ազատությունը’

838

2014թ. հունվարի 28-ին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժով ցրեց Ազատության հրապարակում կազմակերպված խաղաղ հավաքը: Այս մասին ասվում է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

«Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին բռնությամբ չթողեցին մոտենալ հրապարակի տարածքին: Սեւազգեստ մայրերը եկել էին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի դահլիճում հանդիսավոր տոնակատարության մասնակից պաշտոնյաներին հիշեցնելու իրենց որդիների սպանության չբացահայտված գործերի մասին: Այնուհետեւ, ապօրինի բերման ենթարկվեցին նրանց սատարող՝ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Վարդգես Գասպարին, Արա Նեդոլյանն ու Արտաշես Սերգոյանը: Ազատազրկված քաղաքացիներին չի տրվել բացատրություն, թե ինչու են նրանք բռնությամբ տարվել ոստիկանություն, իսկ քաղաքացի Վարդգես Գասպարիին, երբ նա պահանջել է, որ իրեն տրամադրեն իր գործին վերաբերվող փաստաթղթերի պատճեները, ոստիկանության կենտրոնական բաժնից՝ ուժի կիրառմամբ եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով հեռացրել են գազելով, տանելով շենքից հեռու եւ այնտեղ թողնելով ցեխերի մեջ եւ անձրեւի տակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնության անդամները փաստում են, որ ՀՀ ոստիկանության կողմից հերթական անգամ կոպտագույն կերպով ոտնահարվել է Հայաստանի քաղաքացիների արտահայտման ազատությունը եւ հիմնարար իրավունքները: Արդարադատություն փնտրող որդեկորույս մայրերի եւ բանակի հիմնախնդիրները բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումը կրկին անգամ ապացուցում է, որ բանակի թեման մեր երկրի ղեկավարության համար անցանկալի ու փակ տարածք է եւ դրան առնչվող խնդիրները չի կարելի բարձրաձայնել:

Նախորդ հոդվածը‘Կրեմլի կայսերապաշտական նկրտումներին խանգարող բանը Պարույր Հայրիկյանն է’
Հաջորդ հոդվածը‘Գուցե սա արդեն ամեն ինչից ձեռք քաշածի վարքագի՞ծ է ‘