‘Բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ւմ որդին է ծառայում բանակում. Օհանյանը չի հիշում, չգիտի. «Ժողովուրդ»’

2310

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ամփոփել է 2014-ի կատարած աշխատանքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օհանյանն անդրադարձել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու այսօրեական խնդրին:

Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձևակերպված տարկետումները և զորակոչվեն բանակ:

-Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին և գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:

Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա և մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կցանկանայի իմանալ մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է և պաշտպանում է մեր հայրենիքը:

-Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ:

Անուններ չեք տալիս, բայց չեք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն:

-Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են:

Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների, նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է:

-Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է՝ ՖԻՖԱ-ի կանոնները չի խախտել’
Հաջորդ հոդվածը‘Վալդեսի պաշտոնական հանդիպումը «Մանչեսթր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում’