‘Բարոյականությունն ուսումնասիրում են սմարթֆոնների միջոցով’

1040

Սմարթֆոնների համար հատուկ ներդիրների օգնությամբ ամերիկացի հոգեբաններն ուսումնասիրել են մարդկանց բարոյական և անբարոյական վարքն իրական կյանքում: Նախկինում գիտնականները մարդու բարոյական սկզբունքների և արարքների մասին դատում էին միայն հարցումների և լաբորատոր փորձերի միջոցով, հաղորդել է Science ամսագիրը:

1200 հասուն ամերիկացիների և կանադացիների օրը հինգ անգամ (պատահական ընտրված ժամերի) հարցրել են, թե նրանք վերջին մեկ ժամվա ընթացքում արդյո՞ք որևէ բարոյական կամ անբարոյական արարք կատարել են, կամ դարձել նման արարքի ականատես, կամ լսել նման արարքի մասին, և եթե այո, ապա խնդրել են հակիրճ պատմել դրա մասին: Գիտնականներն ստացել են 13 240 պատասխան, առաքինի և բարոյազուրկ արարքները դրսևորվել են գրեթե հավասար հաճախականությամբ: Մարդիկ ավելի հաճախ պատմել են իրենց առաքինի գործերի և ուրիշների, ընդ որում՝ ինչ-որ մեկից լսած անբարոյական արարքների մասին, ինչը հաստատում է վաղեմի այն տեսակետը, որ բամբասանքն ու լուրերը հիմնականում բացասական տեղեկատվությունն են տարածում: Քաղաքական նախասիրությունները, պարզվել է, կարևոր են բարոյական գնահատականի համար. լիբերալներն ավելի շատ ուշադրություն են դարձրել ազնիվ և անազնիվ արարքներին, իսկ պահպանողականները՝ հավատարմության և ուխտադրժության դրսևորմանը:

Վերջապես, գիտնականները ստացել են սոցիալական հոգեբանության երկու կարևոր դրույթների հաստատումը: Նախ՝ դա «բարոյականությամբ վարակվելն» է. եթե մարդու հետ արդար են վարվում, ապա օրվա ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, ինքն էլ ուրիշների համար որևէ լավ բան կանի: Եվ երկրորդը «բարոյական ինդուլգենցիան» է. եթե մեկն առավոտյան ինչ-որ ճիշտ բան է արել, ապա երեկոյան կողմ կարող է իրեն որևէ բարոյազուրկ բան թույլ տալ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան բարձրացրել է ահաբեկչության սպառնալիքի մակարդակը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի կառավարությունն արգելել է ԻՊ-ի գործունեությունը ԳԴՀ տարածքում’