‘«Բարսելոնայի» նախագահն անձամբ կզբաղվի Նեյմարի տեղափոխությամբ’

846

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրականացնի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքը:

Կատալոնական ARA պարբերականի հաղորդմամբ՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուին չի գոհացրել ակումբի ղեկավարության աշխատանքը ՊՍԺ-ի հետ բանակցություններում, և Բարտոմեուն ԱՄՆ-ից վերադառնալուն պես անձամբ կզբաղվի Նեյմարի տեղափոխության գործարքով:

Սպասվում է, որ «Բարսելոնան» չի վճարի Նեյմարի տրանսֆերի համար պահանջվող գումարը՝ 180 միլիոն եվրո, փոխարենը՝ ՊՍԺ-ին կառաջարկի ֆուտբոլիստների փոխանակություն: Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է ՊՍԺ-ին առաջարկել Ֆիլիպե Կոուտինիոյին, Նելսոն Սեմեդուին և ևս 50 միլիոն եվրո: ՊՍԺ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ կարծում են, որ Թոմաս Տուխելը կողմ կլինի փոխանակության նման տարբերակն ընդունելուն:

Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ կապ է հաստատել Նեյմարի հետ և առաջարկել նրան դառնալ աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա հարձակվողը զրուցել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հետ և խնդրել վերջինիս միջամտել իր տեղափոխությանը Կատալոնիա:

Էռնեստո Վալվերդեի թիմն այսօր ուշ երեկոյան ԱՄՆ-ում վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի «Նապոլիի» հետ, իսկ արդեն վաղը «Բարսելոնայի» պատվիրակությունը կվերադառնա Կատալոնիա:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք է գտել’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ի 2 ֆուտբոլիստ բաց է թողնելու ԱՊԼ-ի մեկնարկային տուրի հանդիպում’