«Բարսելոնան» խուսափեց պարտությունից, 16-ամյա Յամալի ռեկորդը

190

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել հետնապահների թվում գտնվող «Գրանադային»։ Կատալոնական ակումբն արտագնա հանդիպումն ավարտեց 2-2 հաշվով՝ պարտությունից խուսափելով վերջնամասում։

Խաղի հաշիվը 18-րդ վայրկյանին բացեց «Գրանադայի» իսպանացի հարձակվող Բրայան Սարագոսան, որը 29-րդ րոպեն նաև դուբլ ձևակերպեց։

Առաջին խաղակեսի վերջնամասում Իսպանիայի գործող չեմպիոնը կարողացավ կրճատել հաշիվը 16-ամյա Լամին Յամալի գոլի շնորհիվ։ Իսպանացի հարձակվողը դարձավ Լա լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ՝ ռեկորդը սահմանելով 16 տարեկան 87 օրականում։

Ընդմիջումից հետո կատալոնացիները խաղային մեծ առավելությունը գոլի վերածեցին միայն 86-րդ րոպեին, երբ աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Ավելացված ժամանակում «Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը ևս մեկ անգամ գրավեց դաշտի տերերի դարպասը, սակայն VAR համակարգն արձանագրեց խաղից դուրս վիճակ։

Չավիի գլխավորած թիմն ունի 21 միավոր և արդեն երեք միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին» ու մեկ միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Գրանադան» 6 միավորով նախավերջին տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Գրանադա» — «Բարսելոնա»՝ 2-2 (տեսանյութ)

Բրայան Սարագոսա, 1, 29 – Լամին Յամալ, 45+1, Սերխի Ռոբերտո, 86

Նախորդ հոդվածըՄոուրինյոն ցանկանում է գլխավորել ազգային հավաքական
Հաջորդ հոդվածըԱրթուր Դավթյանը կորցրեց աշխարհի գործող չեմպիոնի կոչումը