«Բարսելոնան» չի ցանկանում Գրիզմանին բաց թողնել «Ատլետիկո»՝ հիշելով Սուարեսի պատմությունը

537

«Բարսելոնան» չի ցանկանում հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառել «Ատլետիկոյին»։ Կատալոնական ակումբի ղեկավարները չեն ցանկանում ուժեղացնել Լա Լիգայի չեմպիոնության համար պայքարում անմիջական մրցակցի կազմը։

Հարձակվողը գիտի, որ «Բարսան» մտադիր է վաճառել իրեն, և պատրաստ է տեղափոխվել ցանկացած ակումբ, չնայած «Ատլետիկոն» ամենանախընտրելի տարբերակն է Գրիզմանի համար։ Անտուանն այնտեղ աստղ է եղել ու կցանկանար վերադառնալ։

Մադրիդյան ակումբը պատրաստ է Գրիզմանի գործարքում մի քանի ֆուտբոլիստի ներառել, բայց «Բարսելոնային» դուր չի գալիս «Ատլետիկոյի» և ոչ մի խաղացող։

«Բարսելոնայում» հիշում են, թե ինչով ավարտվեց հարձակվող Լուիս Սուարեսի պատմությունը, որն անցած ամառ տեղափոխվեց մադրիդյան ակումբ, Լա Լիգայում խփեց 21 գոլ՝ իր ներդրումն ունենալով թիմի չեմպիոնության հարցում։

«Բարսան» կցանկանար, որ Գրիզմանը տեղափոխվեր ԱՊԼ-ի կամ Ա Սերիայի ակումբներից մեկը։ Այդ ժամանակ կատալոնացիները նրա նոր թիմի հետ կկարողանան խաղալ միայն Չեմպիոնների լիգայում։

Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն Գրիզմանի ապագայի հարցում։ «Բարսան» ցանկանում է ֆրանսիացուն արագ վաճառել, որպեսզի կրճատի աշխատավարձային պարտավորություններն ու գրանցի Լիոնել Մեսսիին, գրում է Diario Sport-ը։

Ավարտված մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը Լա Լիգայի 36 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածըՀաճախ աղավաղվող հայերեն 10 բառ
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Հայաստանի շախմատիստների հաղթական մեկնարկը