‘«Բարև Երևանը» մտադիր է զանգվածաբար բողոքարկել քվեարկության արդյունքները’

2020

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով երրորդ տեղը զբաղեցրած «Բարև Երևան» դաշինքը պատրաստվում է զանգվածաբար բողոքարկել կիրակի օրվա քվեարկության արդյունքները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր վաղ առավոտյան ասաց դաշինքի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

«Որևիցե դրական առաջընթաց չկար, այլ, ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ [փետրվարի 18-ի] նախագահական ընտրություններից ավելի վատ մթնոլորտում ու պայմաններում է անցել», — հայտարարեց Սանասարյանը` մանրամասնելով. — «Եթե նախագահականի ժամանակ գործող իշխանության թիմը չէր պատկերացնում, որ նման արդյունք կարող է լինել, ու փոքր-ինչ հանգիստ էին, այս ընտրությունների ժամանակ, դողալով ամեն մի ձայնի համար, մարդկանց տներից հանելով, ուղղորդելով, սպառնալով, ընտրակաշառք բաժանելով կարողացան կրկին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նվաստացուցիչ արդյունքներ արձանագրել»:

Ի պատասխան հիշեցման, որ նախագահական ընտրությունների հետ կապված` ԿԸՀ-ն «Ժառանգության» հասցեին մեղադրանքներ էր հնչեցնում, թե պատշաճ կարգով չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները, և հարցի` պատրաստվո՞ւմ են արդյոք դա անել այս անգամ, և իրենց կարծիքով` արդյոք եղե՞լ են այնպիսի աղաղակող խախտումներ, որ հնարավոր լինի ընտրությունները չեղյալ համարել, «Բարև Երևան»-ի  խոսնակը նշեց. — «Առաջին հերթին, մեր բոլոր սխալները հաշվի ենք առել, դասեր ենք քաղել, ու այս անգամ մենք պատրաստ ենք եղել, եթե ոչ` 100 տոկոս, գոնե` 90 տոկոս մենք պատրաստ ենք եղել, որպեսզի կարողանանք այդ բոլոր թերությունների, բոլոր խախտումների հետ կապված կոնկրետ քայլեր իրականացնել: Այսօր մենք հենց պատրաստվում ենք այդ գործողություններին»:

«Ես վստահ եմ, որ շատ քաղաքացիներ ուղղակի չեն մասնակցել ընտրությանը, բայց նրանց փոխարեն քվեարկություն է եղել», — ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Նախորդ հոդվածը‘Վայոց Ձորի նախկին մարզպետի դեմ քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանություն քարոզելու հարցում առաջատարը «ВКонтакте»-ն է’