Բելառուսում զանգվածային խուզարկություններ են կատարվում

447

Բելառուսի ուժային կառույցների աշխատակիցները խուզարկությունների շարք են սկսել իրավապաշտպանների մոտ և բարեգործական կազմակերպություններում։

«Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը պատմել է, որ ուժայինները հարձակում են գործել Մինսկում կազմակերպության գրասենյակների վրա և ներխուժել են առնվազն հինգ աշխատակիցների տներ։ Ակտիվիստներից մի քանիսը ձերբակալվել են։ Հաղորդել են նաև, որ կորել է կապը «Վեսնայի» առաջնորդ Ալես Բելյացկու հետ։

«Վեսնա» կազմակերպությունը հիմնվել է 1996 թ․, քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու համար։ Վերջին ժամանակները խումբն զբաղվում է անցյալ տարվանից նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի զանգվածային ցույցերում ձերբակալված մարդկանց օգնելու հարցերով։

«Վեսնայի» դեմ 2021 թ․ մարտին քրեական գործ է հարուցվել (հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողությունների կազմակերպում և ակտիվ մասնակցություն)։ Հայտնի չէ, թե արդյո՞ք այս խուզարկությունները կապ ունեն այդ քրեական գործի հետ։

Ի դեպ, զանգվածային խուզարկություններն սկսվել են նախագահ Լուկաշենկոյի՝ Ռուսաստան այցելելու, ինչպես նաև Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Վիկտոր Բաբարիկոյին 14 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը հրապարակելու հաջորդ օրը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄեսին 5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ
Հաջորդ հոդվածըԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ