Մեսին 5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

506

Ամերիկայի նորընծա գավաթակիր Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Goal.com-ը։

Նրա նախորդ պայմանագիրը կատալոնական ակումբի հետ եւս նախատեսված էր 5 տարով եւ ավարտվել է հունիսի 30-ին։ Նախորդ 5 տարում Մեսին այդ պայմանագրով ստացել է 550 միլիոն եվրո։ Նոր պայմանագրով նրա վարձատրությունը կկրճատվի 50 տոկոսով։

Անցած մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 38 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը գրավեց երրորդ տեղը՝ ապահովելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Մեսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004 թվականին։ Նա «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն։

Նախորդ հոդվածը«Զոհ-1»․ ԱՄՆ-ը մեղադրում է իրանցի գործակալներին՝ լրագրողին առևանգելու փորձի համար
Հաջորդ հոդվածըԲելառուսում զանգվածային խուզարկություններ են կատարվում