‘Բելգիայի դատախազությունը հետաքննում է 1961 թ. Պատրիս Լումումբայի սպանության հանգամանքները’

818

Բելգիայի դաշնային դատախազությունը սկսել է Կոնգոյի Հանրապետության (ներկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) վարչապետ Պատրիս Լումումբայի այրու և որդիների բողոքի քննարկումը, որոնք պահանջում են հետաքննել բելգիացի քաղաքական գործիչների մասնակցությունը Լումումբայի սպանությանը 1961 թ., РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր հաղորդել է Soir թերթը:  Բողոքի հայցը տրվել է դեռևս 2011 թ. ամռանը: Մեկուկես տարի է անհրաժեշտ եղել պարզելու, թե արդյոք բողոքը համապատասխանում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցանքների վերաբերյալ այսպես կոչված՝ «ունիվերսալ իրավասության» բելգիական օրենքի չափանիշներին:

Լումումբան Կոնգոյի Հանրապետության առաջին վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1960 թ. հունիսից: Նա հանդես էր գալիս ընդդեմ ներքին անջատողականության և բելգիացի գաղութարարների զինված ագրեսիայի: Սեպտեմբերին, դավադրության արդյունքում, Լումումբան հեռացվեց իշխանությունից,  և 1961 թ. հունվարին սպանվեց: 1966 թ. նա պաշտոնապես հռչակվեց Կոնգոյի Հանրապետության ազգային հերոս:

2002 թ. Բելգիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, հետազոտելով Լումումբայի սպանության փաստը, եզրակացրեց, որ Բելգիան «բարոյական պատասխանատվություն է կրում» նրա ֆիզիկական ոչնչացման համար, քանի որ բելգիացի զինվորականները զբաղվել են Կոնգոյի անջատողականների պատրաստմամբ: Խորհրդարանական հետազոտության արդյունքում՝ Բելգիայի այն ժամանակի վարչապետ Գի Վերհոֆստադտը պաշտոնապես ներողություն խնդրեց Կոնգոյից:

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ-ի համագումարին կորոշվի ընտրություններում մասնակցության ձևաչափը’
Հաջորդ հոդվածը‘Բացակայող պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը` «պաշտոնական կեղծիք»’