‘Բելգիայի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են Հայաստանի դեսպանի «ադամանդե ձեռքով». ՉԻ’

3940

Բելգիայի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են «Rolexs» ժամացույցներով և բարձր կարատանոց ադամանդյա քարերի խմբաքանակներով, որոնք կանոնավոր գնում և Հայաստան է ուղարկում Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը: Այդ մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները դեսպանի շրջապատում:

Եվրոպայի շատ երկրներում գործող օրենքի համաձայն, դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը։ Օգտվելով հնարավորությունից` հնարամիտ դեսպանը Բելգիայում այնպիսի մեծ քանակությամբ ժամացույցներ և թանկարժեք իրեր է գնել, որ գրավել է այդ երկրի հատուկ ծառայությունների ուշադրությունը, որոնք հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ, խնդրելով պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs» եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել Հայաստան։ Բանն այն է, որ նման խոշոր գնումների դեպքում 21 տոկոսը պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենեւին մտադիր չեն իրենց բյուջեի գումարները քամուն տալ։ Թերթը նշում է, որ եթե բելգիացիները հետեւողական լինեն եւ պահանջեն իրենց հարցապնդման պատասխանը, Ադոնցը բազմաթիվ տհաճություններ կարող է ունենալ իր հետագա դիվանագիտական գործունեության առումով. հնարավոր է` Իսպանիան, ուր մտադիր են նշանակել Ադոնցին, չհաստատի նրա «ագրեմանը»՝ խուսափելով գործ ունենալ մաքսանենգ դեսպանի հետ։

 

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը Ֆրանսիայից պահանջել է հետաձգել հիվանդի էվթանազիան’
Հաջորդ հոդվածը‘Դանակահարություն Սևանի ափին’